կարևոր
2419 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-15 09:10
Քաղաքական

Արցախում հակառուսական ակցիան Փաշինյանի ցուցումո՞վ է անցկացվել․ «Հրապարակ»

Արցախում հակառուսական ակցիան Փաշինյանի ցուցումո՞վ է անցկացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների շտաբի դիմաց իրականացված բողոքի ակցիայից հետո ռուսական կողմը, ըստ որոշ տեղեկությունների, լուրջ դժգոհություններ է հայտնել Արցախի իշխանություններին, որ թույլ են տալիս նման ակցիաներ արվեն արգելափակված Արցախում։

Հիշեցնենք, որ նախանցած կիրակի՝ ադրբեջանցիների իրականացրած ահաբեկչությունից հետո, որին զոհ գնաց 3 ոստիկան, ՀԿ սեկտորի մի խումբ ներկայացուցիչներ՝ Տիգրան Պետրոսյանի, Արթուր Օսիպյանի ղեկավարությամբ, բողոքի ակցիա արեցին խաղաղապահների կենտրոնական հավաքատեղիի առջեւ՝ պահանջելով իրականացնել վերահսկողական գործառույթները։ Չնայած ցուցարարների քանակը բավականին փոքր էր՝ 20-30 հոգի, սակայն երեկ Փաշինյանի հայտարարությունից պարզ դարձավ, որ ՀՀ իշխանություններն այդ փաստն օգտագործում են որպես հայ-ռուսական հարաբերությունների, մասնավորապես ռուսական կողմի պարտավորությունները չկատարելու եւ այդ պատճառով հակառուսական տրամադրություններ ձեւավորելու ապացույց:

«Ինձ համար Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում ամենակարեւոր խնդիրն այն է, որ շատ անսպասելի բան է տեղի ունեցել ԼՂ-ում, երբ ռուս խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանի դիմաց ԼՂ բնակիչների բողոքի ակցիա է տեղի ունեցել: Սա մտահոգություն է, եւ ես հարկ եմ համարել Ռուսաստանի Դաշնության նախագահին այդ մտահոգությունները փոխանցել»,- երեկ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ էլ ավելի խորացնելով կասկածները, որ Արցախի ՀԿ սեկտորի հայտնի ներկայացուցիչներն իր ցուցումով են հակառուսական ակցիա իրականացրել, որպեսզի ինքը կարողանա դա ռուսների դեմ օգտագործել։

Հիշեցնենք, որ 2018-ից հետո էլ ՀԿ սեկտորի հիշյալ ներկայացուցիչները Փաշինյանի հովանու ներքո Արցախում ակտիվ գործողություններ էին ծավալում՝ փորձելով, այսպես կոչված, հեղափոխությունը Հայաստանից Արցախ տեղափոխել, ինչը չստացվեց։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։