կարևոր
2806 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-13 17:20
Քաղաքական

Արցախը հայտնվել է էներգետիկ ճգնաժամում. Ռուբեն Վարդանյանն Օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել

Արցախը հայտնվել է էներգետիկ ճգնաժամում. Ռուբեն Վարդանյանն Օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ հունվարի 13-ին տեղի ունեցած շտաբի նիստում  քննարկվել են Հանրապետությունում ստեղծված էներգետիկ ճգնաժամի պայմաններում բնակչության նվազագույն էներգետիկ կարիքների շարունակական բավարարմանն ու կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեության ապահովմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից:

Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս մասնագետներին մոտենալ և հասկանալ պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախի 120 հազար բնակչությունը փաստացի զրկված է անխափան էներգամատակարարման հնարավորությունից: Հանրապետությունում ներկայումս էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարվում է  միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին: Հունվարի 10-ից Հանրապետությունում իրականացվում են հովհարային անջատումներ:

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը նիստի ընթացքում նշել է, որ էներգամատակարարման հետ կապված բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել և  պետք է այնպիսի քայլեր ձեռնարկվեն, որոնք  թույլ կտան հնարավորինս երկարաժամկետ ապահովել բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները:

Պետնախարարը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին սեղմ ժամկետներում էներգախնայողական ռեժիմի անցնելու և էլեկտրաէներգիայի սպառումն առավելագույնս  նվազեցնելու վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև տնտեսական ծանր վիճակի և  հիմնարկ-ձեռնարկությունների գործունեության դադարեցման հետևանքով աշխատանքը կորցրած քաղաքացիների խնդրին,  քննարկվել են նրանց զբաղվածությանը վերաբերող հարցեր: Պետնախարարը հանձնարարել է այս խնդրի հետ կապված ևս առաջարկություններ  ներկայացնել:

Զեկուցվել է նաև պարենային մի խումբ ապրանքատեսակաների համար կտրոնային համակարգի ներդրման տեխնիկական և կազմակերպչական աշխատանքների ընթացքը:  Նշվել է, որ դրանք իրականացվում են  ըստ սահմանված ժամանակացույցի:

Նախատեսվում է, որ առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար կտրոնային համակարգը կսկսի գործել հունվարի 20-ից: