կարևոր
3739 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-04 19:24
Հասարակություն

Տղե՛րք, Ինձ կպավ. կապիտան Անդրանիկ Գրիգորյանի վերջին խոսքերը

Տղե՛րք, Ինձ կպավ. կապիտան Անդրանիկ Գրիգորյանի վերջին խոսքերը

... Այսպես է ավարտվում անվարան կամքով՝ դեպի ՀԱՂԹԱՆԱԿ ճախրող՝ ՔԱՋ ՀԱՅՈՐԴՈՒ շռնդալից ճախրանքը, ում գերագույն գոհացումը զոհաբերությունն էր ու ԱՆՄԱՀ-ՈՒԹՅԱՆ պատվավոր դափնին...

Պատերազմի դառնություններն ու հաղթանակները ճաշակած Կարեն Գրիգորյանը, այս անգամ էլ, ԵՐԿԻՐԸ վայրագից պաշտպանելու նույն՝ արժանապատիվ գիտակցությամբ, զենքն առավ ու մեկնեց Արցախ:

Այս անգամ՝ Թարխանյանների տոհմից սերված Կարեն Գրիգորյանը կռիվ գնաց իր երկու որդիների հետ. ավագ լեյտենանտ Մերուժանի և KS-19 մարտկոցի հրամանատար՝ Անդրանիկ Գրիգորյանի հետ:

Հայրն ու որդիները, ինչպես որ ուղտել էին, իրենց հին սխրանքները ամրագրեցին նոր խիզախումներով... սակայն պատերազմը, ավաղ, իր դաժան օրենքներն ունի... Մերուժանը՝ հերթական մարտի ժամանակ վիրավորվեց, իսկ Անդրանիկը...

Հրետանային մարտկոցի հրամանատար կապիտան Անդրանիկ Գրիգորյանի մարտկոցի KS-19 հեռահար հրանոթների անընդմեջ ու ճշգրիտ ռմբակոծումները դժոխքի բաժին էին դարձրել համառորեն առաջ մղվող թուրք ելուզակներին: Գազազած թուրք հրամանատարները ջանք չէին խնայում լռեցնելու մահաբեր հրանոթներների կայանատեղին, բայց ապարդյուն:

Մադաղիս- Մաղավուզ մարտագծի դիրքերից Անդրանիկի մարտկոցի արձակած հերթական համազարկը ի սպառ ոչնչացրեց թուրքերի վառելիքի մատակարարող պահեստները: Տղերքը ցնծության մեջ էին... ու մահաբեր ռումբը պայթեց Անդրանիկի դիրքի մատույցում... Ձեռքը վերքին տանելով բղավեց՝ Տղե՛րք ինձ կպավ...

Այդ եղերական օրը 2020 թվականի Հոկտեմբերի 3-ն էր...

Սխրանքի ու արժանապատվության դասեր առնող ՀԱՅԻ հավակնոտ սերունդ. այցելիր Գավառի Արծվաքար թաղամաս և կհանդիպես իրենց վերջնական կռվին պատրաստ հայր և որդի Գրիգորյաններին- այցելիր Արծվաքարի ՓԱՌԱՑ ՊԱՆԹԵՈՆ և կհանդիպես շիրմաքարից քեզ նայող կապիտան Անդրանիկ Գրիգորյանի հուսադրող աչքերին, որը բարձրաձայն հրամայում է.- «ԿՅԱՆՔԴ՝ ԿՅԱՆՔԻՍ ՀԱՄԱՐ, ԿՅԱՆՔՍ՝ ԿՅԱՆՔԻԴ ԳՆՈՎ»:

Սամվել Թադևոսյան

Կինոռեժիսոր