|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
ԱԺ նիստում ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանն իր ամփոփիչ ելույթում գոհունակություն հայտնեց ՎՊ գործունեության վերաբերյալ քննարկումների վերաբերյալ: Նա նշեց, որ ԱԺ-ն նաև այն ամբիոնն է, որտեղ երբեմն կարող են հնչել խնդրի հետ չառնչվող հարցեր, և ինքը չի ցանկանում անդրադառնալ այն ելույթներին, որոնք հնչում են հնչելու համար` որպես քաղաքական ելույթներ:
«Որոշ քաղաքական գործիչներ գտնում են, որ ՎՊ-ն պետք է դառնա այն կախարդական փայտիկը, որը մի շարժումով պետք է լուծի բոլոր խնդիրները, մոռանալով, որ կուտակված խնդիրները մնացել են նախկին ժամանակներից և շտկելու համար ժամանակ է պետք»,- ասաց Իշխան Զաքարյանը` հավելելով, որ այն իշխանությունը, որը բարձրաձայն խոսում է խնդիրների մասին, ամենից շատ է շահագրգռված այդ խնդիրների վերացմամբ, բայց, միևնույն ժամանակ, ամեն ինչ միանգամից չի լուծվելու: «Իշխան Զաքարյանի ձայնը չի փոխվելու և գործունեությունը չի փոխվելու»,- վստահեցրեց ՎՊ նախագահի թեկնածուն:
Նա իր ելույթն ավարտեց երկրի նախագահի արտահայտած մտքերով. «Այս փուլում, երբ պետությունն ինքն է բարձրաձայն խոսում, կարող է լինել հասարակական ընկալում, թե երկրում ամեն ինչ կոռումպացված է: Բայց դա մենք գիտակցում ենք, մենք չենք կարող ամեն ինչ փակի տակ պահել: Մենք առաջինը հրապարակային պարսավանքի կենթարկենք այդ երևույթները, որ հանրային անհանդուժողականություն ստեղծենք բոլոր նրանց համար, ովքեր կուզենան գնալ այդ ճանապարհով»: