Միասին կարող ենք
կարևոր
349 դիտում, 1 օր առաջ - 2026-03-26 13:17
Քաղաքական

Այսինքն՝ վաղն էլ Հայաստանն եք հանձնելու, որ ավելի անկախանա՞ք․ ինչո՞ւ է պատերազմ սկսողը հենց ՔՊ-ին հայտնել․ Արմենուհի Կյուրեղյան

 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը՝ ԱԺ ամբիոնից։

Սիրելի հայրենակիցներ,

Փորձելու եմ վերլուծել Փաշինյանի վերջին 2 օրվա խոստովանություն-հայտարարությունները: Նախ. 1-ինը

  • Ինքը տիրապետում է տեղեկատվության, որի համաձայն եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն  չստանա առաջիկա ընտրություններին, ապա պատերազմ կսկսվի:

Սա շանտաժ է, վախի մթնոլորտ ստեղծելով իրենց ընտրելու պարտադրանք: Սա պաշտոնական դիրքի չարաշահում է, կոռուպցիայի դրսևորում:

Հիմա հարց,

այդ ի՞նչ տեղեկություն է, ո՞րն է դրա աղբյուրը, ո՞վ է պատրաստվում մեր դեմ պատերազմ սկսելու և ինչու՞ է այդ սկսողը հենց ՔՊ-ի՞ն հայտնել այդ մասին:

Ի՞նչ են պայմանավորվել ՔՊ-ն ու  Փաշինյանն պատերազմ սկսելու սպառնալիք հնչեցնողի հետ, որ իրենց վերընտրության պարագայում պատերազմ չի լինելու:

Ըստ այդ պայմանավորվածության, ի՞նչ է խոստացել Փաշինյանն այդ կողմին:

Սրանք հարցեր են, որոնց վերլուծությունը ավելի ու ավելի է հիմնավոր ապացուցում մի բան, որի մասին ես խոսում եմ միշտ.

Ոչ ոք ավելի լավ, քան Փաշինյանն ու ՔՊ-ն, չգիտի, թե ի՞նչ են խոստացել թուրք-ադրբեջանական տանդեմին, ինչի՞ դիմաց են խոստացել և ի՞նչ պատիժ է սպասվում իրենց հենց այդ տանդեմից՝ իրենց խոստումը չկատարելու պարագայում:

Ես միշտ բարձրաձայնել եմ իմ համոզումի մասին, որ ՔՊ-ն եկել է իշխանության՝ երկիրը կործանելու ծրագրով, Արցախը տանդեմին հանձնելու ծրագրով, մեր ինքնիշխանությունը զոհաբերելու ծրագրով:

Երեկ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հաստատեց այն.

  • Մենք գիտակցված զոհողության ենք գնացել 2020թ-ին և ձեռք բերել անկախություն:

Այսինքն գիտակցված ամեն ինչ արեցիք, որ պատերազմ սկսվի՞,

Գիտակցվցած ոչինչ չարեցիք, որ հրադադարը շուտ չկնքվի՞ ու զոհերը շատ լինեի՞ն, դե պետք է Շուշին հանձնեիք:

Այսինքն գիտակցված հանձնել եք Արցախը, ու ումի՞ց անկախանաք:

Դե ֆակտո գոյություն ունեցող Արցախ պետությունը հանձնում եք Ադրբեջանին և դա համարում եք անկախությու՞ն: Այսինքն վաղն էլ Հայաստանն եք հանձնելու, որ ավելի անկախանա՞ք:

ՔՊ-ից ինձ հակադարձողներին առաջարկել եմ վարժություն անել.

Գրեք ծրագիր, որը կիրականացնեիք, եթե ձեր առջև դրվեր որևէ x երկիր կործանելու նպատակ:

 Համեմատեք ձեր գրած գործողությունների շարքը ձեր արած քայլերի հետ:

 Միասին փորձենք վարժությունը կատարել.

Որն է թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը.

Արցախը զավթել, ՀՀ սահմանային տարածքները գրավել, միջազգային հարթակներից հեռացնել Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և փոխհատուցման հարցը, ՀՀ-ն դարձնել թուրքական վիլայեթ:

Այս մասին աստծո ամեն օր հայտարարում է հենց ինքը Ալիևը:

Ինչ խնդիրներ պետք է լուծվեն այդ նպատակին հասնելու համար.

  1. Ճշտել, ինչ պետական հենասյուներով, արժեքային համակարգով է ապրում հայ ժողովուրդը
  2. ՀՀ-ում ձևավորել իրենց նպատակին հասցնող խնդիրների լուծմանը պատրաստ իշխանություն
  3. Զրոյացնել պայքարի  ոգին, չեզոքացնել հետագա ազգային ընտրությամբ որևէ իրենց ձեռք բերում կորցնելու հնարավորությունը:

ՔՊ-ն չհայտարարեց իր իշխանության գալու նպատակը, սկզբում չհայտարարեց այդ նպատակին հասնելու համար ինչ խնդիրներ է լուծելու, բայց երբ սկսում ես գնահատել նրա գործողությունները, ապա ակընհայտ են դառնում թե՛ նպատակը, թե՛ խնդիրների ցանկը:

Իսկ ինչ գործողություններ պետք է անել այդ խնդիրները լուծելու համար.

  1. Նախ պետք է ուսումնասիրվի և գնահատվի տվյալ երկրի ժողովրդի համար՝ ինչ արժեքային համակարգն է առաջնային:

Մեր՝ հայ ժողովրդի համար, դա ընտանիքն է, հայրենիքը, կրթությունը, հերոս բանակը, հաղթանակները, ցեղասպանության դատապարտումն ու փոխհատռուցումը, ճիշտ բանակցային հարաբերություններ հարևան ու գործընկեր երկրների հետ:

Նախ ձևավորվեց մի թիմ, որի կազմում հայտնվեցին մարդիկ, որոնց մի մասը պատրաստ էր հանուն մեծ փողերի իրականացնել տանդեմի նպատակը, մի մասը կրում էր այդ գաղափարախոսությունը, մյուս մասն էլ պատրաստ էր հանուն փողի ու շահի՝ կոճակ սեղմել: Եվ, իհարկե, բոլորի դեմ որոշակի կոմպրոմատներ ձեռք բերելով, կամ էլ սարքելով, որպեսզի նրանք ամենաքիչը գոնե լռեն:

Ի՞նչ արեց ՔՊ-ն իշխանության գալու հենց առաջին օրերից.

  • Սկսեց ընտանիքի ու ընտանեկան արժեքների խեղաթյուրումը,
  • Բանակի հերոսների հեղինակազրկումը,
  • կրթական համակարգը քանդելու գործընթացը,
  • գործընկեր երկրների հետ հարաբերությունների փչացում՝ Իրան, Ռուսասատան, Վրաստան
  • Ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարում
  • սփյուռքի նախարարության փակում,
  • գյուղատնտեսության նախարարության փակում

Էլ որն ասեմ, էլ որը:

Բայց իրենք շատ լավ հասկանում էին, որ այդ ամենը պետք է անել, զուգահեռաբար սկզբից հայ ժողովրդի համար կարևոր արժեքները դեռևս բարձրաձայնելով, դրանց վրա խաղալով՝ քվե ստանալու համար:

Սկզբում սկսեցին սուտ խոստումներ տալ, մարդկանց աչքերին թոզ փչելու համար հայտարարեցին. «Արցախը մերն է», տե՛ր ենք Սահմանադրությանը, տե՛ր ենք մեր ինքնիշխանությանը, մարդկանց կյանքը բարեկեցիկ ենք դարձնելու, աշխատատեղեր ենք բացելու, թոշակներ ենք բարձրացնելու, նվազագույն աշխատավարձ ենք բարձրացնելու, խաղաղություն ենք բերելու: Խաբելով քվե կորզեցին:

Այսօր արդեն այդ ամենի պատասխան տալու ժամանակն է ու հասկացան,

  • Որ հարիֆի կարգավիճակով հանդես գալը չի օգնում և մարդիկ պահանջում են խոստումների կատարում,
  • որ հայ ժողովուրդը ասֆալտը չի գերադասում հայրենիքից, թեև

հենց իրենց սարքած ասֆալտը իրենց ապտակեց, ու սկսվեց շատ արագ քանդվել, ժողովրդին թողնելով միայն մլրդավոր արտաքին պարտք,

  • որ 10.000 դրամով թոշակի բարձրացումը չեն կարողանում

ներկայացնել որպես իրենց կողմից լավություն, որովհետև նախ ավելի շատ պետք է բարձրացնեին ըստ իրենց խոստումի, հետո էլ դեռ ապրիլի 1-ը չեկած, իրենց իսկ հովանավորությամբ մեծածախ առևտրով զբաղվողներն արդեն այնպիսի թանկացումներ են սկսել, որ 10.000-ը դրանց կեսն էլ չի ծածկի: Նոր թանկացումները ապտակ հասցրին թոշակի բարձրացումներով գլուխ գովացողներին:

  • որ առողջության ապահովագրական համակարգը, որ ներդրեցին

ափալ-թափալ ու առանց նախապատրաստման, իրենց դեմ ավելի մեծ բողոքների հիմք է ստեղծել: Բողոքում են հենց այդ համակարգն իրականացնող բուժաշխատողները, որովհետև ծանրաբեռնվածությունը բազմապատիկ անգամ ավելացել է, իսկ աշխատավարձը՝ բազմապատիկ անգամ նվազել: Բողոքում են հաշմանդամություն ունեցողները, ովքեր մինչ այս դեղերը ստանում էին անվճար, հիմա ստանում են համավճարով՝ դեղի արժեքի 2/3-ի չափով, բողոքում են տնային կանչերի սպասարկումը հանելուց, բողոքում են շտապ-օգնության կանչերը տարեկան 8-ից ավելիի համար վճարելուց, բողոքում են հերթերից, որի արդյունքում իրական հիվանդը չի կարողանում հասնել այդ ապահովագրական օգնությանը:

  • հասկացան, որ ուրախ ավտոբուսը, կարկանդակն ու կուկուրուզը,

խաշած կարտոֆիլն ու բեմադրված մարզային հանդիպումներն այլևս չեն օգնում, դեռ ավելին՝ ավելի են իջեցնում արդեն շրիշակի մակարդակից էլ ցածր վարկանիշը,

  • հասկացան, որ Երևանում մետրոյում, բակերում տոտալ

արհամարհանքի ու մերժման են հանդիպում, որ իրական վերաբերմունքը խիստ տարբեր է բեմադրվածից:

Հասկացան և որոշեցին արդեն գնալ վաբանկ.

Ուղղակի անցնել շանտաժի ու հանրությանը բառացիորեն վախեցնել պատերազմով:

Պատկերացնում եք, սիրելի հայրենակիցներ, ինչքան են վախեցած թուրք-ադրբեջանական տանդեմին տված խոստումների չկատարման պարագայում իրենց սպասվող պատժից, որ այլևս պատերազմով են

վախեցնում:

 Ուշադրություն. Նրանք չեն ասում, որ իրենց ընտրության ժամանակ պատերազմ չի լինի: Իսկ որ իրենց իշխանության ժամանակ 3 պատերազմ ենք ունեցել, դա ուղղակի անհերքելի փաստ է:

Թե՞ ձեր իշխանության գալու ու մնալու համար այն ժամանակ այդ պատերազմներն անհրաժեշտություն էին:

Թե՞ պայմանավորվածություն ունեք, երբ սկսել պատերազմ, երբ խաղաղության իմիտացիա սարքել:

Հիմա էլ նրանք չեն ասում, թե էլի ինչ գիտակցված զոհողությունների են գնալու, եթե վերընտրվեն:

Նրանք չեն ասում, որ ՀՀ Սահմանադրությունը գրելու են Ադրբեջանի թելադրած տեքստով, մարզային բուհերը փակելով, դպրոցների ու առողջապահական հիմնարկների օպտիմալացման անվան տակ դրանք փակելով տեղ են բացելու 300000 ադրբեջանցիների համար, ովքեր շատ արագ, հաշվի առնելով իրենց աճման տեմպերը, կդառնան վաղվա մեր երկրի քաղաքացիներն ու ըստ նիկոլիզմի 002 թեզի՝  մեր երկրի տերը:

Նրանք չեն ասում, որ Ալիևը պահանջում է, որ այդ 300000-ի անվտանգության ապահովման համար պետք է տեղակայվեն 3-րդ երկրի ուժեր, ում վստահում է Ադրբեջանը և դա իհարկե, թուրքական ուժերն են,

Իսկ իրենք պատրաստ են այդ հրահանգն էլ կատարելու :

Ահա այս ամենի մասին դուք լռում եք:

Բայց իմացե՛ք:

Դուք չե՛ք վերընտրվելու: Պատերազմ էլ  չի ՛լինելու:

Ինչպես հենց ձեր ղեկավարն ասաց մետրոյում, ձեր վերջին կանգառն է: Իջնելու եք: Չուք չաք, չարաք, չաք, հեռացող գնացքը ձեզ է սպասում:

Պատասխան եք տալու՝ ամեն մեկդ ձեր տեղում, ձեր չափով ու ձեր ժամանակին:

        Տ-ն Քլոյան, Դադիվանքը մերն է երեկ, այսօր և վաղը:

Դա պատմական իրողություն է և ձեր կարծիքն այստեղ ոչինչ է: Դա դուք չեք որոշում:

Սիրելի հայրենակից, եկել է Արցախը թշնամուն հանձնելու դիմաց, Հայաստանի ինքնիշխան տարածքները ադրբեջանական զորքով լցնելու դիմաց, բռնի տեղահանված 120000 արցախահայերի վերադարձի իրավունքից հրաժարվելու դիմաց, ՀՀ Սահմանադրությունից անկախության հռչակագրին հղումը հանելու դիմաց  իշխանությունը պահելու համար ամեն ինչի պատրաստ ՔՊ-ին, ՆՓ-ին մերժելու ժամանակը:

Պետք է մասնակցել ընտրություններին, պետք է անպայման քվեն տալ ազգային, պետականամետ իրական ընդդիմադիր ուժի:

Հիշենք, որ օրվա իշխանությունների միակ հույսը ձեր չմասնակցությունն է:

Ընտրեք այն ուժին, ով ներկայացնում է երկիրն այս մարտահրավերներից դուրս բերելու իրատեսական ծրագիր, ունի այդ ծրագիրն իրականացնող փորձառու թիմ և տեր կլինի իր խոստումներին:

Միասին մենք կարող ենք: