|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հունգարիան հավանություն չի տա ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների գործողություններին, եթե նրանք որոշում ընդունեն զորքեր ուղարկել Ուկրաինա, որովհետև դա կնշանակի պատերազմ Ռուսաստանի դեմ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Kossuth ռադիոկայանի առավոտյան ծրագրում մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի վերջերս արած հայտարարությունը:
Փետրվարի 3-ին Կիև կատարած այցի ժամանակ ելույթ ունենալով Ուկրաինայի Գերագույն ռադայում՝ Ռյուտեն նշել էր, որ «կամեցողների կոալիցիայի» զինված ուժերը կհայտնվեն Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումից անմիջապես հետո: Նրա խոսքով՝ դրանք կգտնվեն ցամաքում, ծովում և օդում:
«Խոսքը ոչ միայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արտահայտության մասին է, այլև Ուկրաինա զորքեր ուղարկելու վերաբերյալ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև գրավոր համաձայնության մասին», - ասել է Օրբանը:
Նա նշել է, որ այդ կերպ Արևմուտքը հույս ունի անվտանգության երաշխիքներ տրամադրել Կիևին, թեև դա, ընդհակառակը, ստեղծում է Ռուսաստանի հետ հակամարտության սպառնալիք:
«Ռուսներն ամեն օր ասում են. մի արեք դա, որովհետև արևմտյան երկրների զինվորները ռազմական թիրախ կդառնան, եթե մտնեն Ուկրաինայի տարածք», - հիշեցրել է վարչապետը։
Նրա կարծիքով՝ «դա նշանակում է, որ եվրոպական բանակը, եվրոպացի զինվորները կկռվեն ռուսների դեմ Ուկրաինայի տարածքում»։
«Ուստի մենք պետք է հստակ հայտարարենք, որ ոչ մի դեպքում չենք ներքաշվի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ՝ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Ուկրաինայի տարածքում», - ընդգծել է Օրբանը։
Նրա խոսքով՝ Հունգարիան պատրաստ չէ ամեն բանով աջակցել ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցներին, այլ «միայն մասամբ»: