կարևոր
3529 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-31 09:16
Քաղաքական

ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի՝ Սոչիի հանդիպումը թույլ կտա շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ

ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի՝ Սոչիի հանդիպումը թույլ կտա շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ

Ռուսաստանն ակնկալում է, որ Սոչիի եռակողմ գագաթնաժողովը, որը տեղի կունենա hոկտեմբերի 31-ին, հնարավորություն կտա շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին կիրակի օրը լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Դեռ շատ խնդիրներ կան: Կարծում եմ՝ դրանք բոլորը կքննարկվեն, այդ թվում՝ վաղը Սոչիում կայանալիք հանդիպմանը: Հուսով ենք, որ այն ինչ-որ կերպ առաջընթաց կգրանցի մի շարք հարցերի, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին»,- ասել է նա:

Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մասին՝ Ռուդենկոն նշել է, որ «այս կյանքում ամեն ինչ կարող է լինել»։ «Եվ քանի որ (Հայաստանի) ղեկավարն ասել է, ուրեմն, հավանաբար, ինչ-որ հիմքեր ուներ այդպես ասելու համար»,- ասել է նա։

Պատասխանելով գործակալության ճշտող հարցին, թե արդյոք գագաթնաժողովի օրակարգում քննարկվելու է Փաշինյանի հայտարարած պատրաստակամությունը՝ ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատը մինչև 20 տարով երկարաձգելու մասին փաստաթուղթ, փոխնախարարը մանրամասնել է, որ զորախումբը տեղակայվելու է այս տարածաշրջանում՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ «Նա հստակ մանդատ ունի՝ հինգ տարի, հինգ տարի դեռ չի անցել»,- հավելեց նա։