|
Փոխարժեքներ
26 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է փաստաբան Ռոբերտ Խաչատրյանից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արսեն Գևորգյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ։ Հակակոռուպցիոն կոմիտեն նրան մեղադրում է ընտրակաշառք տալու մեջ. քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի 24 անձ, այդ թվում՝ ավագանու անդամի թեկնածուներ և Արսեն Գևորգյանը։ Հակակոռուպցիոն դատարանը Գևորգյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
Պաշտպան Ռոբերտ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դատարանի որոշումը դեռևս չեն ստացել, սակայն ստանալուց հետո պատրաստվում են բողոք ներկայացնել։ Կալանքի միջնորդությամբ քննիչը մատնանշել է խոչընդոտելու հնարավոր հավանականությունը, ինչի հետ պաշտպանության կողմը, իհարկե, համաձայն չէ։ Կալանքի որոշմամբ դատարանը սահմանափակել է նաև Արսեն Գևորգյանի շփումները և տեսակցությունները։ Քանի որ կալանքի որոշումը դեռևս չեն ստացել, հստակ հայտնի չէ՝ արդյո՞ք մերձավոր ազգականների հետ ևս տեսակցությունները սահմանափակ են, թե ոչ։ Գևորգյանը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ խիստ գոտում։
Անդրադառնալով մեղադրանքին՝ փաստաբանը հայտնեց, որ Արսեն Գևորգյանը ցուցմունք չի տվել, սակայն դիրքորոշում է հայտնել դատարանում՝ տալով որոշակի բացատրություններ, և մեղադրանքը չի ընդունում։ Մասնավորապես, Գևորգյանը հայտնել է, որ ընտրակաշառք չեն բաժանել, տեսագրությամբ երևացող գումարը տրվել է ավագանու անդամների թեկնածուներին՝ վերջիններիս կենսական ապահովման հարցերը լուծելու համար՝ բենզինի, առօրյա հարցերի համար․ «Մեղադրանքում բազմաթիվ անձանց տվյալներ կան, որոնց իբրև ընտրակաշառք է տրվել, բայց այդ մարդիկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված ավագանու անդամի թեկնածուներ են»։
Մեղադրանքի հիմքում, ինչպես փաստաբանն է նշում՝ այնքանով, որքանով դատարան է ներկայացվել կալանքի միջնորդությանը կից նյութերով, միայն ՕՀՄ-ների արդյունքներ են՝ ներքին դիտում, որևէ վկայի ցուցմունք չկա, գաղտնալսումների վերաբերյալ տեղեկություններ ևս չկան կամ առնվազն հասանելի չեն եղել պաշտպանության կողմին։ Քրեական վարույթն էլ նախաձեռնվել է ԱԱԾ-ի կողմից իրականացվող ՕՀՄ-ների արդյունքում ստացված տվյալների հիման վրա ներկայացված հաղորդման առթիվ։ Այս ընթացքում Գևորգյանի մասնակցությամբ որևէ այլ գործողություն չի իրականացվել։