կարևոր
400 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-25 22:19
Հասարակություն

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում 4 մեքենա է բախվել․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում 4 մեքենա է բախվել․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 17:10-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, բախվել են «Lamborghini Urus», «BYD», «Toyota Land Cruiser» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Շտապօգնությունը մեծ դժվարությամբ է հասել դեպքի վայր, քանի որ որոշ վարորդներ անգամ լսելով շտապօգնության ձայնային ազդանշանը, չէին փորձում ճանապարհ տալ։

Վթարի հետևանքով դեպի Երևան ընթացող ճանապարհահատվածին մոտ 4 կմ խցանում էր առաջացել, քանի որ վթարված ավտոմեքենաներից 3-ը հայտնվել էին ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «Lamborghini Urus»-ը բախվել էր ծառին։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունը և քննչական բաժինը պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։  

Վիրավորներից անչափահասը տեղափոխվել է Երևանի «Ուիգմոր» բժշկական կենտրոն։