|
Փոխարժեքներ
26 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հոկտեմբերի 26-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում տեղի ունեցավ գրական հանդիսություն՝ նվիրված այս հող ու ջրի պանծալի զավակ, բանաստեղծ Վիկտոր Հովսեփյանի պոեզիայի ավանդական օրվան: Թբիլիսիից, Երևանից, Նինոծմինդայից և հարակից բնակավայրերից ժամանած հյուրերը համախմբվել էին՝ վերստին ըմբոշխնելու և հաղորդակից դառնալու նրա քնարական ու հայրենասիրական, խոհական ու փիլիսոփայական հարուստ ստեղծագործական աշխարհին: Վիկտոր Հովսեփյանի անմար հիշատակի առջև իրենց խոնարհումն ու հարգանքի տուրքը մատուցեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը, քաղաքապետ Անի Մոսոյանը, ինչպես նաև պաշտոնական այլ անձինք ու մշակութային գործիչներ:
Տոնակատարության մեկնարկը տրվեց Վիկտոր Հովսեփյանի տուն-թանգարանից: Ներկաները մեծ հետաքրքրությամբ ունկնդրեցին վաղամեռիկ հոր անտիպ ստեղծագործությունների ուսումնասիրող և համակարգող Գիսանե Հովսեփյանի բովանդակալից խոսքը գրողի բանաստեղծական ժառանգության, հետմահու հրատարակված գրքերի, ինչպես նաև անտիպ մնացած գործերի մասին: Բանաստեղծի դուստրը մանրամասն անդրադարձավ նաև Վիկտոր Հովսեփյանի՝ որպես գեղանկարչի անսահման երևակայական աշխարհին՝ արժևորելով նրա «բանաստեղծ-նկարիչ» և «նկարիչ-բանաստեղծ» ինքնատիպ գործելաոճը:
Այնուհետև ներկաները տեղափոխվեցին Հեշտիայի Եռակնյայի Սուրբ Գևորգ (Քյաֆիրի ուխտ) մատուռի բակ, որտեղ ամփոփված է բանաստեղծի մարմինը: Հյուրերը ծաղիկներ դրեցին նրա անմահ շիրիմին, իսկ աշակերտները հուզիչ ասմունքով ներկայացրին մեծ մարդասերի ստեղծագործություններից հատվածներ:
Վիկտոր Հովսեփյանը երկար տարիներ աշխատել է Հեշտիայի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որն այսօր հպարտությամբ կրում է նրա անունը: Հյուրերն այցելեցին այն դասասենյակը, որտեղ տասնամյակներ շարունակ դասավանդել է մեծ հայագետ-բանասերը: Այդ սենյակի պատերին այսօր էլ պահպանվում են նրա փակցրած մեծանուն գրողների ու մտածողների լուսանկարները, իմաստուն մտքերն ու ասույթները, որոնցով նա կրթել ու դաստիարակել է սերունդներ: Իսկ գրատախտակին սրբությամբ պահպանվում են այն երկու բառերը, որոնց մեկնաբանությամբ էլ ավարտվել է նրա վերջին դասը:
Դպրոցի տնօրեն, բանաստեղծի դուստր Նանե Հովսեփյանը ջերմությամբ ու երախտագիտությամբ խոսեց մանկավարժ հոր մասին, որից հետո դպրոցականները հանդես եկան հեղինակի ստեղծագործություններից կազմված գրական-երաժշտական հուզիչ ցերեկույթով:
Միջոցառման ողջ ընթացքում Հեշտիայի երկնքում թևածում էր մեծ բանաստեղծ Վիկտոր Հովսեփյանի անմահ ու միշտ կենդանի ոգին:
Աղբյուրը՝ Javakheti Georgia։