|
Փոխարժեքներ
26 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչն ընդունել է իր գլխավորած «Սերբական առաջադեմ կուսակցության» պարտությունը հոկտեմբերի 25-ին՝ կիրակի օրը, կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում։
Վերջին տվյալների համաձայն՝ «Ուսանողական ցուցակը» խորհրդարանում կստանա 135-140 մանդատ, իսկ Վուչիչի կուսակցությունը՝ 105։
Սերբիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը ռեկորդային բարձր է եղել։ Ժամը 18։00-ի դրությամբ, երբ ընտրատեղամասերի փակվելուն դեռ երկու ժամ էր մնացել, մասնակցության ցուցանիշը կազմել է 64,9 տոկոս։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 1992 թվականին Հարավսլավիայի փլուզումից ի վեր։
Սերբական Danas պարբերականի հաղորդմամբ՝ Վուչիչի կողմից պարտության ընդունումից հետո Բելգրադի փողոցներ են դուրս եկել քաղաքացիների բազմություններ՝ ինքնաբուխ նշելու «Ուսանողական ցուցակի» հաղթանակը։
«Ուսանողական ցուցակը» ձևավորվել է 2024 թվականի նոյեմբերին՝ Սերբիայի հյուսիսում գտնվող Նովի Սադ քաղաքում երկաթուղային կայարանի տանիքի փլուզումից հետո սկսված բողոքի ցույցերի ֆոնին։ Ողբերգության հետևանքով զոհվել էր 16 մարդ։ Քննադատները տեղի ունեցածը կապել էին կոռուպցիայի և Վուչիչի կառավարության անփութության հետ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի վերջին Վուչիչը հրաժարական էր տվել նախագահի պաշտոնից՝ հայտարարելով, որ իր կուսակցության հաղթանակի դեպքում մտադիր է ստանձնել կառավարության ղեկավարի պաշտոնը։ Նրա նախագահական երկրորդ ժամկետը պետք է ավարտվեր հաջորդ տարվա մայիսին, իսկ Սերբիայի օրենսդրությամբ նա չէր կարող առաջադրվել երրորդ ժամկետի համար։