կարևոր
550 դիտում, 55 րոպե առաջ - 2026-10-26 12:54
Հասարակություն

Խաչի գյուտի այս տոնը թող մեզ համար դառնա հոգևոր նորոգության օր․ Տեր Ռուբեն

Խաչի գյուտի այս տոնը թող մեզ համար դառնա հոգևոր նորոգության օր․ Տեր Ռուբեն

Խաչը գտնելը նախ նշանակում է գտնել Աստծուն ճշմարտապես ճանաչելու ճանապարհը, Գյուտ Խաչի տոնին խոսված քարոզում ասել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

Սրբազանի խոսքով՝ խաչի խորհուրդի մեջ բացահայտվում է Աստծո սիրո խորությունը, իսկ խաչված Քրիստոսի մեջ՝ մարդու փրկության և նորոգության ճանապարհը։

««Մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին՝ ի գայթակղություն հրեաներին և ի հիմարություն հեթանոսներին․․․» (Ա Կորնթ․ Ա 23-24)։

Գյուտ Խաչի տոնով մեր Սուրբ Եկեղեցին շարունակում է խաչի քարոզչությունը՝ հռչակելով խաչված և հարուցյալ Քրիստոսին։ Այն, ինչ կորստյան ճանապարհով ընթացողների համար թվում է հիմարություն ու գայթակղություն, փրկության ճանապարհով գնացողներիս համար Աստծո զորությունն է և իմաստությունը։ Խաչի խորհուրդի մեջ բացահայտվում է Աստծո սիրո խորությունը, իսկ խաչված Քրիստոսի մեջ՝ մարդու փրկության և նորոգության ճանապարհը։

Մանուկ հասակում մեզնից շատերը սիրել են ձեռքերով հողը փորփրել, ճեղքել նրա կարծր շերտը և տեսնել, թե ինչ կա խորքում։ Այդ մանկական հետաքրքրասիրության մեջ խորախորհուրդ մի դաս կա. չէ՞ որ կյանքի ամենաթանկ գանձերը միշտ չէ, որ տեսանելի են առաջին հայացքից։ Երբեմն հարկավոր է խորանալ, որոնել և ջանք գործադրել՝ գտնելու այն, ինչ կարող է փոխել մեր կյանքը։ Տեր Հիսուս ասում է, որ երկնքի արքայությունը նման է արտի մեջ թաքցված գանձի (Մատթ․ ԺԳ 44)։ Այսօր Գյուտ Խաչի տոնը մեզ հրավիրում է որոնելու այդ գանձը, որովհետև Քրիստոսի Խաչը մեր կյանքի բոլոր արժեքները վերափոխող գանձն է։

Ավանդության համաձայն՝ սուրբ Հեղինեն՝ Կոստանդիանոս կայսեր մայրը, Երուսաղեմում որոնում է Տիրոջ խաչը։ Գողգոթայում հայտնաբերվում են երեք խաչափայտեր, և դրանցից Քրիստոսի խաչը ճանաչվում է հրաշքով․ երբ խաչափայտը դրվում է մահացած մի պատանու վրա, նա կյանք է վերադառնում։ Այսպես խաչը ճանաչվում է ոչ միայն իր գտնվելու վայրով կամ արտաքին նշանով, այլև իր կենսատու զորությամբ։ Մահվան գործիքը դառնում է կյանքի նշան, որովհետև դրա վրա խաչվել է նա, ով իր հարությամբ հաղթել է մահվանը։

Ահա Գյուտ Խաչի տոնի գլխավոր խորհուրդը․ գտնել խաչը՝ նշանակում է ճանաչել այն խաչը, որի վրա բացահայտվում է Աստծո ճշմարիտ պատկերը, և որի զորությունը կյանք է պարգևում մարդուն։ Սուրբ Հեղինեի որոնումը մեզ համար դառնում է հոգևոր որոնման պատկեր․ ինչպես նա փնտրեց Քրիստոսի խաչը Գողգոթայում, այնպես էլ մենք ենք կանչված մեր կյանքի մեջ գտնելու խաչի ճշմարիտ խորհուրդը։

Խաչը բացահայտում է անսահման հեռավորությունն Աստծո իրական պատկերի և այն պատկերի միջև, որը մենք հաճախ ինքներս ենք կերտում նրա մասին։ Մենք երբեմն Աստծուն պատկերացնում ենք մեր վախերի, նախապաշարումների ու անձնական շահերի համաձայն։ Իսկ Գողգոթայում խաչված Քրիստոս բացահայտում է Աստծուն այնպիսին, ինչպիսին նա է՝ անսահման սիրով, ողորմությամբ և ներողամտությամբ լի։ Խաչի վրա Աստված իր սերն է հայտնում մինչև վերջ՝ մտնելով մարդկային տառապանքի խորքերը և իրեն զոհաբերելով՝ մարդուն կյանք պարգևելու համար։

Հետևաբար, խաչը գտնելը նախ նշանակում է գտնել Աստծուն ճշմարտապես ճանաչելու ճանապարհը։ Իսկ Աստծուն ճանաչել նշանակում է ճանաչել նրա սերը և այդ սերը դարձնել մեր կյանքի չափանիշը։ Մեր մարդկային կոչումը Աստծուն նմանվելն է՝ սիրել այնպես, որ մեր ներկայությամբ մարդը հույս գտնի, մեր ներողամտությամբ՝ ազատություն, իսկ մեր ծառայությամբ՝ կյանքի նոր հնարավորություն։

Այս սերն ունի հավիտենական արժեք։ Ինչպես առաքյալն է վկայում․ «Մարգարեությունները պիտի անցնեն, լեզուները պիտի լռեն, գիտությունը պիտի խափանվի, բայց սերը երբեք չի անհետանա» (Ա Կորնթ․ ԺԳ 8)։ Խաչի վրա հայտնված սերը ժամանակավոր զգացում չէ․ այն Աստծո կյանքին հաղորդակից լինելու և մեր մարդկային կոչումը իրագործելու ուղին է։ Այդ պատճառով Գյուտ Խաչի տոնը մեզ հրավիրում է որոնելու և գտնելու այն սերը, որ Քրիստոս հայտնեց խաչի վրա և որին կոչված ենք մասնակից լինելու։

Մեր կյանքում այսօր էլ բազմաթիվ խաչեր կան՝ զարդերի, խոսքերի, սովորույթների և արտաքին դրսևորումների մեջ։ Սակայն խաչի նշանի առկայությունն ինքնին դեռ չի նշանակում, որ մենք ճանաչել ենք Քրիստոսի Խաչը։ Ինչպես Գողգոթայում երեք խաչափայտերի մեջ պետք էր ճանաչել Տիրոջ խաչը, այնպես էլ մեր կյանքում մենք պետք է տարբերակենք Քրիստոսի կենսատու խաչի խորհուրդը կեղծ ու ձևական ընկալումներից։

Քրիստոսի խաչը ճանաչելի է իր պտուղներով․ այն մարդուն առաջնորդում է դեպի սեր, ճշմարտություն, ներողամտություն և կյանք։ Խաչը ճշմարտապես կրում ենք, երբ մեր հավատքը դառնում է կենդանի վկայություն, երբ չարին պատասխանում ենք բարությամբ, անարդարության դիմաց պահպանում ճշմարտությունը, ցավի մեջ՝ հույսը, իսկ մերձավորի կարիքի առաջ՝ կարեկցանքն ու պատասխանատվությունը։ Այսպես խաչը մեր կյանքում դառնում է ոչ միայն հավատքի նշան, այլև Աստծո սիրո ներգործուն ներկայություն։

Այս խորհուրդը առանձնահատուկ իմաստ է ստանում նաև այստեղ՝ Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։ Քրիստոս մեր փրկիչն է, որ խաչի վրա իր անսահման սիրով միավորվեց մարդկային տառապանքին, իսկ հարությամբ հայտնեց այդ սիրո հաղթանակը մեղքի և մահվան նկատմամբ։ Նրա խաչով Աստված մուտք է գործում մարդկային ցավի խորքերը՝ այն իր սիրո ներկայությամբ վերափոխելու և մարդուն դեպի կյանքի լիությունը, հաշտությունն ու հավիտենական հույսն առաջնորդելու համար։

Հետևաբար, Գյուտ Խաչի այս տոնը թող մեզ համար դառնա հոգևոր նորոգության օր․ ինչպես Եկեղեցին ավանդությամբ հիշում է Տիրոջ խաչափայտի հայտնաբերումն ու ճանաչումը, այնպես էլ մենք վերստին գտնենք խաչի ճշմարիտ խորհուրդը մեր հավատքի, մեր հարաբերությունների և մեր ամենօրյա գործերի մեջ։ Թող մեր սրտերը մաքրվեն Աստծո մասին կեղծ պատկերացումներից, և մեր կյանքում հայտնվի այն սերը, որով Քրիստոս մեզ կանչում է նմանվելու իրեն։

Գտնել խաչը՝ նշանակում է ճանաչել խաչված Քրիստոսին, ճանաչել նրա մեջ հայտնված Աստծո սերը և այդ սիրով ապրել, որովհետև խաչի տակ բացահայտված գանձը Քրիստոս ինքն է՝ մեր փրկիչը, որ իր խաչով ու հարությամբ առաջնորդում է մեզ դեպի կյանքի լիությունը»,- նշել է Ռուբեն Սրբազանը։