|
Փոխարժեքներ
26 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը վստահ ելույթների շնորհիվ կարիերայում առաջին անգամ դուրս է եկել մեծահասակների աշխարհի առաջնության եզրափակիչ։
Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը հիանալի գոտեմարտ է անցկացրել և ժամանակից շուտ առավելության հասել Էդմոնդ Նազարյանի նկատմամբ։ Ասլանյանը վաղը կգոտեմարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի և ոսկե մեդալի համար։
Կիսաեզրափակիչ հասած Հայաստանի հավաքականի մյուս երկու ներկայացուցիչներն, ցավոք, պարտություններ են կրել և վաղը կփորձեն բավարարվել բրոնզե մեդալներով։
87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը 1-10 հաշվով զիջել է Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Մոհմադիպիանիին։ Հատկանշական է, որ Թադևոսյանն իր կարիերայում առաջին անգամ էր հասել աշխարհի առաջնության այս փուլին, ընդ որում՝ նա գորգ էր դուրս եկել ծնկի վնասվածքով։
67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն էլ 0-4 հաշվով պարտվել է աշխարհի չեմպիոն, Ուզբեկստանը ներկայացնող Այթժան Խալմախանովին։ Թեև Բուդապեշտում կայացած վարկանիշային մրցաշարում հայ ըմբիշը հաղթել էր այս մրցակցին, սակայն այս անգամ կրկնել հաջողությունը չի ստացվել։ Վաղը Գալստյանը կփորձի նվաճել աշխարհի առաջնության իր կարիերայի երրորդ բրոնզե մեդալը։
Հիշեցնենք, որ Կարեն Ասլանյանը մինչև եզրափակիչ հասնելը ժամանակից շուտ հաղթանակներ էր տարել նաև Կոռնելիու Ռուսուի և ուզբեկ Աֆթանդիլ Ուուլուի նկատմամբ։ Եզրափակիչ և բրոնզե մեդալների համար գոտեմարտերը կկայանան վաղը։
Աղբյուրը՝ Armsport.am: