Միասին կարող ենք
կարևոր
1390 դիտում, 13 ժամ առաջ - 2026-05-05 16:57
Քաղաքական

Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան

Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան

Քաղակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է․

«Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հռչակագրի մեջ կրիտիկական ենթակառուցվածքներին վերաբերող հատվածներն առաջին հայացքից ներկայացվում են որպես զարգացման, արդիականացման և «կապակցվածության» օրակարգ։ Սակայն այդ ձևակերպումների խորքում թաքնված է մի ավելի լուրջ խնդիր՝ ենթակառուցվածքային վերահսկողության աստիճանական վերաձևում։

Էներգետիկա

- - - - - - - - - -

Էներգետիկայի մասին հատվածներում շեշտվում են դիվերսիֆիկացիան, էներգետիկ անցումը, ցանցերի ամրապնդումը և եվրոպական շուկաների հետ ինտեգրումը։ Բայց այստեղ առանցքային խնդիրը ոչ թե էներգետիկայի զարգացումն է, այլ այն, թե որ, իսկ ավելի շուտ՝ ում տրամաբանությամբ է այդ զարգացումն իրականացվելու։ Դիվերսիֆիկացիան ներկայացվում է որպես կախվածության նվազեցում, սակայն իրականում այն կարող է վերածվել կախվածության ուղղակի փոփոխության՝ դեպի եվրոպական կարգավորիչ և տեխնոլոգիական համակարգեր։

Ամենազգայուն կետը միջուկային էներգետիկան է։ Հայկական ԱԷԿ-ի շահագործումից դուրսբերման ճանապարհային քարտեզի վերաբերյալ ԵՄ աջակցությունը ձևակերպվում է որպես տեխնիկական և անվտանգային համագործակցություն, սակայն փաստացի այն արձանագրում է մի գործընթաց, որի վերջնարդյունքը ակնհայտ է՝ գործող ատոմային բլոկի փակումը։ Հարց է առաջանում՝ ինչով է այն փոխարինվելու։ Հռչակագրում դրա մասին հստակ պատասխան չկա։ Սա նշանակում է, որ Հայաստանի էներգետիկ համակարգի բազային, կայուն հզորությունը դրվում է հարցականի տակ՝ առանց համարժեք այլընտրանքի։ Հիշեք Իգնալինի ԱԷԿ-ը, որը կոնսերվացվեց Լիտվայի ԵՄ անդամակցելուց հետո՝ առանց նոր հզորությունների ձևավորման: Արդյունքում Լիտվան առ այսօր ստիպված է թանկ էլեկտրաէներգիա ներկրել Սկանդինավիայից:

Ու ամենակարևորը՝ հռչակագրում խոսվում է Սևծովյան էլեկտրամալուխին Հայաստանի միանալում հեռանկարի մասին: Վերջինս ԵՄ-Ադրբեջան համատեղ մի նախաձեռնություն է, որը կոչված է ադրբեջանական «կանաչ» էներգիան արտահանել եվրոպական շուկա: Ակնհայտ է, որ առանց կայուն գեներացնող հզրությունների Հայաստանն այդ հաղորդակցության մեջ պարզապես անելիք չունի: Ակնհյատ է նաև, որ առկա պայմաններում Բաքուն ամեն կերպ խոչընդոտելու է Հայաստանի միացումը ադրբեջանական լոբբիզմի արդյունք հանդիսացող այդ մալուխին:

Տրանսպորտ

---------------

Հռչակագրի տրանսպորտային հատվածում նույն տրամաբանությունն է։ Խոսվում է Անդրեվրոպական ցանցերին ինտեգրման, հաղորդակցությունների բացման, «Խաղաղության խաչմերուկի» մասին։ Սակայն այստեղ ևս կարևոր է հասկանալ՝ Հայաստանը դիտարկվում է ոչ այնքան որպես ինքնուրույն տրանսպորտային քաղաքականություն ձևավորող սուբյեկտ, այլ որպես միջանցք:

Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի ԵՄ «Գլոբալ դարպասներ» ռազմավարությունը, որի շրջանակում Հայաստանում նախատեսվող ներդրումները գնահատվում են մինչև 2,5 միլիարդ եվրո։ Սա ներկայացվում է որպես կապակցվածության և ենթակառուցվածքային զարգացման խթան, սակայն իրականում այն ուղղակիորեն կապված է Միջին միջանցքի ձևավորման և Եվրոպա-Կովկաս-Ասիա լոգիստիկ շղթաների վերակառուցման հետ։

Նույն տրամաբանության մեջ հիշատակվող ԹՐԻՓՓ ծրագիրը, որը ներկայացվում է որպես տարածաշրջանային կապակցվածության խթանող նախաձեռնություն, իրականում բացահայտում է մեկ այլ շերտ։ Այն փաստացի ամրապնդում է ԱՄՆ-ի դերակատարությունը Միջին միջանցքում՝ վերահսկելով Եվրոպայի կապերը Ասիայի հետ։ Այստեղ առաջանում է ակնհայտ հակասություն․ մի կողմից՝ խոսվում է եվրոպական ինտեգրման մասին, մյուս կողմից՝ այդ նույն միջանցքային ճարտարապետությունը ձևավորվում է նաև ԱՄՆ ռազմավարական շահերի ներքո, որի նպատակն է տվյալ դեպքում փաստացի վերահսկողության տակ վերցնել Եվրոպա-Ասիա լոգիստիկ կապն ու դրա հնարավոր կոնֆիգուրացիաները:

Այս պայմաններում Հայաստանը հանդես է գալիս ոչ թե որպես այդ գործընթացների համահեղինակ, այլ որպես դրանց կիրառման տարածք, որպես գործիք՝ արտաքին կենտրոնների կողմից նախագծվող լոգիստիկ համակարգում։

Ոչ, Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը զարգացման մասին չէ: Այն Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է»։