Միասին կարող ենք
կարևոր
1321 դիտում, 12 ժամ առաջ - 2026-05-05 17:28
Աշխարհ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին

Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մայիսի 3-ին՝ Սուրբ Խաչի երևման տոնին, քահանայական կոչմանն արժանացած նորաօծ յոթ քահանաներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։

Հանդիպմանը Նաթան արքեպիսկոպոսը ներկայացրեց նորաօծներին՝ հայցելով Նորին Սրբության օրհնությունն ու պատգամը ձեռնադրյալներին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց քահանա հայրերին հովվական ծառայության կոչվելու առիթով` նրանց փոխանցելով իր հայրական պատգամն ու օրհնությունը։

Նորին Սրբությունն անդրադարձավ քահանայական կոչմանն ու առաքելությանը՝ կարևորելով եկեղեցականի պատասխանատու և նվիրյալ ծառայությունն ի նպաստ Եկեղեցու պայծառության և Հայրենիքի բարօրության ու առաջընթացի։

Վեհափառ Հայրապետը պատգամեց երիտասարդ հոգևորականներին իրենց սպասավորության մեջ լինել նախանձախնդիր և հաստատակամ, հոգու ամրությամբ և արիությամբ դիմագրավել բոլոր փորձություններն ու դժվարությունները, Հայրենիքի, Եկեղեցու և ժողովրդի հանդեպ անսակարկ սիրով, զոհողության և հանձնառության ոգով բարի օրինակ լինել հավատացյալների համար՝ զորացնելով համայնքային կյանքը և բարձր պահելով Եկեղեցու բարի համբավը։

Հանդիպման վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց քահանա հայրերին և նրանց ընծայեց «Մաշտոց» ծիսարաններ։