Միասին կարող ենք
կարևոր
598 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-20 21:44
Քաղաքական

Դառը ճշմարտությունն այն է, որ մենք կորցնում ենք ոչ միայն հարգանքը Եկեղեցու հանդեպ, այլև մեր իսկ ազգային ողնաշարը. Արթուր Միրզոյան

Դառը ճշմարտությունն այն է, որ մենք կորցնում ենք ոչ միայն հարգանքը Եկեղեցու հանդեպ, այլև մեր իսկ ազգային ողնաշարը.  Արթուր Միրզոյան

Վիրահայ հասարակական գործիչ Արթուր Միրզոյանը գրում է.

«Այս օրերին ես ապրում եմ երկու զգացում՝ հարգանք և ցավ։ Ու որքան ժամանակ է անցնում, այնքան ավելի է ծանրանում ցավի զգացողությունը։

Հարգանք՝ Վրաստանին։

Այն հասարակությանը, որը կարողանում է որպես մեկ ամբողջություն համախմբվել իր եկեղեցու և Պատրիարքի շուրջ։ Այստեղ կարող են վիճել բազում հարցերի շուրջ, բայց սրբությունը երբեք չեն վերածում աղմուկի ու ծաղրի առարկայի։ Վրաստանում հստակ հասկանում են՝ կան «կարմիր գծեր», որոնց հատելը հղի է ամեն ինչի կործանմամբ։

Այո՛, այստեղ էլ կան մարդիկ, ովքեր քննադատում են եկեղեցուն, բայց նրանք երբեք չեն իջնում մինչև դրա արժանապատվությունը խոցելու մակարդակին։ Որովհետև այստեղ դեռ կա ներքին արժանապատվության զգացում, որն ապացուցվում է ոչ թե լոկ խոսքերով, այլ գործով։ Մարդիկ ժամերով՝ վեց ժամ և ավելի, հերթ են կանգնում ընտանիքներով ու փոքր երեխաներով։ Ոմանք ողջ գիշեր սպասում են, պարզապես եկեղեցի հասնելու, խոնարհվելու և Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ին հարգանքի տուրք մատուցելու համար։ Նրանց համար Պատրիարքը պարզապես հոգևոր առաջնորդ չէր, այլ հավատքի, ինքնության և ազգային միասնության անսասան խորհրդանիշ։

Եվ հիմա՝ Հայաստանը։

Մի երկիր, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Մի եկեղեցի, որը դարեր շարունակ պահել ու պահպանել է ժողովրդին այն ժամանակ, երբ չկար պետություն, չկար բանակ և չկար ապագայի որևէ երաշխիք։ Իսկ ո՞րն է այսօրվա իրականությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի կարողանում մայիսի 28-ին անարգել մոտենալ ազգային հուշակոթողին։ Եկեղեցու դեմ իրականացվում է մշտական ճնշում, որը կա՛մ խրախուսվում է, կա՛մ ընդունվում լռությամբ։

Առավել ծանր եմ տանում կեղծավորությունը։ Երբ մարդիկ, ովքեր իրենց հավատացյալ են համարում, բայց գտնվում են Հայաստանից դուրս, հուզիչ տողեր են գրում վրաց Պատրիարքի մասին, ցավում են ու աջակցում… բայց քար լռություն են պահպանում, երբ հերթը հասնում է իրենցին՝ իրենց Եկեղեցուն և իրենց Կաթողիկոսին։

Սա արդեն հավատքի մասին չէ, սա սեփական հարմարավետության մասին է։ Եվ հենց այստեղ է սկսվում իրական փորձությունը։ Խնդիրը միայն Եկեղեցու հանդեպ ճնշումը չէ, այլ այն հասարակությունը, որը թույլ է տալիս դա։ Մարդիկ, որոնք լռում են, և հավատացյալներ, որոնք հստակ դիրքորոշման փոխարեն ընտրում են «անվտանգ հեռավորությունը»։

Գուցե դառը ճշմարտությունն այն է, որ մենք կորցնում ենք ոչ միայն հարգանքը Եկեղեցու հանդեպ, այլև մեր իսկ ազգային ողնաշարը։ Եվ եթե այս ընթացքը չկանգնեցնենք, մեզ չեն փրկի ոչ պատմությունը, ոչ հավատը և ոչ էլ մեր փառահեղ անցյալը»։