կարևոր
604 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-12 13:52
Քաղաքական

Թումանյան, Ավետիք Իսահակյան էս անունները հերիք են, որ անգամ Հակոբ Մովսեսը չհամարձակվի դատել ՀՅԴ-ին, էլ ուր մնաց ՔՊ-ն դատի․ Արմեն Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծ է նեկայացրել։  Բանն այն է, որ լինելով Հեռուստատեսության և ռադիոյի պետական հանձնաժողովի անդամ Հակոբ Մովսեսը տարբեր հարթակներից մշտապես քաղաքական գնահատականներ  է հնչեցնում ՀՅԴ-ի հասցեին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հասցեին, թիրախավորում ազգային ինստիտուտները, ցեխ շպրտում նրանց վրա, ովքեր հակադրվում են օրվա իշխանության՝ հակաազգային քաղաքականությանը։ 

Ստորև ներկայացնում ենք ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքը։

« Նախ, ուրախ եմ, որ այս քննարկումը Դաշնակցության մասին է։  Սա միշտ մեզ ուղեկցել է 135 տարի, մեր համար սա նորություն չէ․․․ 135 տարի մեզ մերժում են, բայց 135 տարի մենք կանք, այս ֆենոմենը իհարկե դուր չի գալիս առաջին հերթին թուրք-ադրբեջանական տանդեմին։  Նրանք այնքան են պայքարել մեր դեմ, որ դուք չեք էլ հասնի վազելով, և այս առումով խոսքս  ուզում եմ ուղղել պարոն Հակոբ Հակոբյանին, բայց Հակոբ Մովսեսին ասելիքս մի բան է լինելու, որովհետև ես իր հետ ունեցել եմ առիթներ նաև բանավիճելու այս թեմաների շուրջ, երբ ինքն ազատ մտավորական էր, իսկ Հակոբ Հակոբյանին այլ բան է լինելու, որովհետև նա հիմա ՔՊ-ի թեթև  ձեռքով դարձել է  ծանր հրետանի Դաշնակցության դեմ։ Այսինքն՝ Դուք դարձել եք դաշնակցության դեմ դատի մեղադրող կողմը։
 

Հակոբ ջան,  գիտեք չէ՞ ինչ արդյունքի են հասել Դաշնակցության դատողները։ Դաշնակցության դատողներն այսօր արխիվացված են, , կայսրություններ են Դաշնակցության դատել, դրանք հիմա արխիվացված են, չկան այդ կայսրությունները։ Դաշնակցության մեջ այնքան Մեծեր կան, փաղանգ ունեցող կուսակցություն է Դաշնակցությունը։  Թումանյան, Ավետիք Իսահակյան, այս անունները հերիք են, որ անգամ Հակոբ Մովսեսը չհամարձակվի դատել Դաշնակցությանը, որովհետև այդ մեծերի չափ չկա, էլ ուր մնաց ՔՊ-ն փորձի դատել այդպիսի փաղանգ ունեցող կուսակցությանը։ Մի հատ մտածեք ձեր կուսակցությունից ի՞նչ անուններ են մնալու պատմության մեջ։

Եվ ամենակարևորը, եթե Դաշնակցությունը չլիներ, Դաշնակցության տեսակը չլիներ, մենք, դուք  կլինեի՞նք պետություն, որ այսքան շատ խոսում եք, այդ պետությունը կլինե՞ր, այս տարածքները կլինե՞ր, որոնց վրա մենք հիմա պետություն ունենք, այսինքն՝  այդքան ապերախտ կարո՞ղ է լինի  մի սերունդ իր նախնիների նկատմամբ․․․ Չեք հասկացե՞լ, որ եթե այդ տեսակը չլիներ, այո՛, «Մահ կամ ազատություն» ասող տեսակը չլիներ, այս դառը ճակատագիր ունեցող ազգը, դարեր շարունակ հալածված ազգը ո՞նց էր պետություն ունենալու, բա հե՛նց այդ տեսակն է ձեզ այս ժառանգել․․․

Փարիզ գնացել մտե՞լ եք Պանթեոն, ի՞նչ է այնտեղ գրված, ովքեր են այդտեղ թաղված, որոնց մահվան շնորհիվ Ֆրանսիան պետություն է ձեռք բերել, դա է գրված՝ «Ապրի ազատ կամ մեռի», սա  հետադիմակա՞ն է։

Մենք, այո՛, երդվել ենք և շարունակելու ենք երդվել բոլոր ուժերով և անգամ կյանքի գնով ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին, և այս ծառայություն մատուցածներն են , որ մեզ այս պետությունն են ժառանգել, ո՞նց կարելի է դա ուրանալ․․․

Դաշնակցության տեսակը հետևյալ սկզբունքի վրա է հիմնված՝ համակերպվել նրան, ինչը փոխել պետք չէ, փոխել այն, ինչին հնարավոր չէ համակերպվել: Սա՛ է Դաշնակցության տեսակը, և սա դաստիարակել է պետք ամեն հայի մեջ: Ի՞նչը ես փոխեմ, իմ տեսակը փոխե՞մ:  

Այսօր ո՞ւմ եք ուզում խաբել, խաղաղություն, անվտանգություն․․․ Անվտանգություն ո՞ւմ համար, ֆիզիկական գոյություն ունեցող հայի համա՞ր, թե՞ հայ տեսակի համար, հայի ինքնությունը պահպանելու համար, անվտանգության բովանդակությունը հանել եք, ասում եք՝ անվտանգություն, ու՞մ է պետք այդ անվտանգությունը, այդ ինքնության կռիվը չի՞ դարեր շարունակ մեր ժողովուրդը տարել, դաշնակցությունը մտել է այդ կռվի մեջ, այո, իր ինքնությունը պահպանելու համար։

Եթե Ադրբեջանը մեր ինքնության հետ հարց չունի, Արցախը հայաթափեցին, բա ինչի՞ են ընկել ժառանգությունը վերացնում, ինչի՞ են եկեղեցիները քանդում, 1915 թվին հայերին կոտորում էին ինչի համար, որովհետև ասում էին՝ դուք գյավուր եք, դուք մեր տեսակը չեք։  Ապրո՞ւմ են Թուրքիայում հայեր, այո՛, ապրում են, ծագումով հայեր են ապրում Թուրքիայում, բայց այնքան մինչև իրենք չհակասեն իրենց սահմանադրությանը։  Թուրքիայում չկա փոքրամասնություն, կա թուրքական ինքնությունը կրող անձ, և եթե մեկը դրա դեմ խոսում է, դառնում է Հրանտ Դինքի նման ճակատագիր ունեցող մեկը, ա՞յս եք ուզում, որ Հայաստանի հայ ժողովո՞ւրդն էլ այդպես դառնա։

Մենք մեր ինքնությունից հրաժարվենք, թուրքական ինքնությունը համարենք շատ լավ է, «կարդաշ-յոլդաշ» ասելով ապրենք,   կասեն՝ ապրեք, ո՞վ է ձեզ խանգարում, բենզինն էլ կգա, ամեն ինչ էլ կգա, ինչ ասես ձեզ կտան, մենակ դուք չասեք, որ Հայկի սենուդն եք, չասեք, որ դուք Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եք, չասեք․․․ դրա համար պայքարը սկսել է Դաշնակցության դեմ, որովհետև ինքնություն կրողն ա, պահպանիչն ա, պայքար են սկսել  Հայ եկեղեցու դեմ, որովհետև ինքնությունը կրող ու  պահպանողն է , հիմա դուք եկել եք մեր ինքնության ոչնչացմանը ձգտող կողմի հետ զինադադարը ներկայացնում եք որպես «խաղաղություն»։

Չարի հետ զինադադարը խաղաղության տեղ մի դրեք, չկա խաղաղություն, եթե խաղաղության հիմնական բաղադրիչները չկան, դա պիտի ձեռք բերվի երկու կողմերի իրավունքները հարգելով և հարցերը լուծելով,  ուժերի հավասարակշռում պետք է լինի,  բայց  ո՛ չ նա կա, ո՛չ մյուսը կա, կա հաղթող ու պարտվող, ինչ ասում է՝ անում ենք։ Ուշքի եկե՛ք, որովհետև մենք մեր 135 տարվա տերն ենք, դուք ձեր 8 տարվա համար պատասխան տվեք, թե ինչ էիք ստացել, ինչ թողեցիք»։