Փոխարժեքներ
20 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Եթե դուք բողոքում եք ձեր շենքի աղբահանությունից, ինչը հատկապես այս շոգ օրերին լուրջ եւ, բառի բուն իմաստով, վատ հոտով խնդիր է, ապա հանգիստ կարող եք մի պաստառ պատրաստել, վրան գրել` «Պահանջում եմ աղբահանում» եւ այն, հնարավորինս բարձր պահած, գնալ Բաղրամյան պողոտա` միանալով այնտեղ հավաքված մարդկանց: Սա դուք կարող եք անել, որովհետեւ Բաղրամյանում մնացածները հստակ պահանջ կարծես թե չունեն, այնտեղ բոլորը տարբեր բաներ են պահանջում, մարդ կա` նախագահի հրաժարականը, մարդ կա` Օսիպյանի հրաժարականը, մարդ կա` Վովա Գասպարյանի նոր բոցը, մարդ էլ կա` սելֆի անելու ձող:
Ընդհանուր, ասում են, պահանջում են հոսանքի սակագինը չբարձրացնել, բայց խնդիրն այն է, որ հոսանքի գինը, ինչպես նախոօրոք որոշվել էր, օգոստոսի 1-ից չի բարձրանալու: Այնպես որ` Բաղրամյանում տարբեր պահանջներ կան, ճիշտ այնքան, որքան մարդ կա: Օրինակ` երեկ երեկոյան Բաղրամյան էր գնացել Պարույր Հայրիկյանը, ով առավել հայտնի է «անկախության խորհրդանիշ» մականունով: Մարդը պաստառի փոխարեն իր հետ Բաղրամյան էր տարել Եվրամիության դրոշը, տանելը դեռ բավական չէ, հանել, սկսել է թափահարել: Քանի որ այս ցույցը հանուն Եվրամիության կամ, որը նույնն է դարձել, ընդդեմ Ռուսաստանի չէ, բաղրամյանցիները թույլ չեն տվել Հայրիկյանին շարունակել իր եվրոպական շարժումը եւ պարտադրել են իջեցնել Եվրամիության դրոշը: Ավելին` նրանք «անկախության խորհրդանիշից» պահանջել են անհապաղ հեռանալ Բաղրամյանից:
Հասկանալ Հայրիկյանին, իհարկե, հնարավոր է: Մարդը տանը համացանցով տեսել է, որ Բաղրամյանում մարդիկ բողոքում են` ամեն մեկն իր պահանջով, ինքն էլ որոշել է իր պահանջով ներկայանալ Բաղրամյան: Մյուս կողմից էլ` հասկանալ Հայրիկյանին Բաղրամյանից հեռանալ ստիպողներին եւս հնարավոր է: Մարդիկ չեն պայքարում հանուն Եվրամիության, եւ ահա հայտնվում է մեկը, ով այդ միության դրոշն է վեր բարձրացնում: Ընդ որում` այդ մեկը սովորական քաղաքացի չէ, այլ, հիշեցնենք, «անկախության խորհրդանիշը»:
Հայրիկյանը, սակայն, դրոշ բարձրացնելու իր քայլը հիմնավորել է այսպես` տղաները, այսինքն` նրանք, որոնց հանդեպ հունիսի 23-ին, նույն Բաղրամյանում ոստիկանությունը ուժ է կիրառել, դիմել են Եվրոպական դատարան, հիմա ինքն էլ Եվրամիության դրոշն է պարզել, որպեսզի Ստրասբուրգից տեսնեն եւ շոյվեն, ըստ այդմ էլ` արդարացի վճիռ կայացնեն` հանուն տղաների եւ ընդդեմ Հայաստանի անկախ Հանրապետության, որի «խորհրդանիշը», ի դեպ, ինքն է:
Փաստորեն, եթե տղաները հանկարծ դիմած լինեին մոնղոլական դատարան, Հայրիկյանը Բաղրամյան պիտի գար Մոնղոլիայի դրոշով, գուցե նաեւ` տարազո՞վ:
Մի խոսքով` անկախության սերունդը, որի որոշ ներկայացուցիչներ դեռ Բաղրամյանում են, այդ փողոցից դուրս են հանել «անկախության խորհրդանիշին»: Նա էլ, գուցե շատ նյարդային եւ հուզված, վերադարձել է իր ամառանոցը եւ սկսել երգել, բաղրամյանցիների եւ, առհասարակ, հայության ինադու, «Դե եկեք, եղբայրներ, մենք միանանք» երգը` կանգնելով Եվրամիության դրոշի առջեւ:
Համենայն դեպս, Բաղրամյանում, եթե պետք է ինչ-որ դրոշ լինի, ապա բացառապես կարմիր, կապույտ եւ նարնջագույն գույներով: Ի դեպ, եթե բաղրամյանցիները երբեւէ հստակ պահանջագիր ներկայացնեն, ապա կարող են դրա կետերից մեկով պահանջել` «Երբեք թույլ չտալ Հայրիկյանին…»:
Հովիկ Աֆյան