կարևոր
928 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-18 14:20
Իրավական

Ռուբեն Հակոբյանի ինքնազգացողությունը շարունակում է վատ լինել

Ռուբեն Հակոբյանի ինքնազգացողությունը շարունակում է վատ լինել

Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի առողջական վիճակում դրական դինամիկա դեռևս չկա։ ՔԿՀ տեղափոխվելուց հետո կրկին ինքնազգացողության վատթարացում է ունեցել։ Այս պահի դրությամբ էլ ինքնազգացողությունը վատ է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գրիգոր Մղդեսյանը։ 

Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանի ինքնազգացողությունը օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը վատացել էր։ Նրան շտապօգնության ավտոմեքենայով  «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել էին նրա առողջական վիճակը և  հետազոտությունների անհրաժեշտությունը, սակայն հետազոտություններ չեն իրականացրել՝ օրվա՝ ոչ աշխատանքային լինելու պատճառով։ Հակոբյանին կրկին տեղափոխել են ՔԿՀ՝ առանց հետազոտություն անցկացնելու, որտեղ կրկին վատթարացել է Հակոբյանի ինքնազգացողությունը, խնդիրներ կան սրտի հետ կապված։ 

Թե արդյո՞ք Հակոբյանը ՔԿՀ բուժաշխատողների հսկողության ներքո է՝ փաստաբանը նշեց, որ նկատի ունենալով, որ նախօրեին Հակոբյանին շտապօգնության մեքենայով են միանգամից տեղափոխել  հիվանդանոց, ըստ ամենայնի, էական միջամտություն չեն կարող իրականացնել։ 

Հիշեցնենք, որ քաղաքագետ, հասարակական գործիչ Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է հուլիսի 18-ին՝ հարցազրույցում հնչեցրած գնահատականների համար։ Նախաքննական մարմինը քաղաքական գործչի հայտարարությունները որակել է որպես իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ռուբեն Հակոբյանը կալանավորվել է հուլիսի 19-ին։ Ռուբեն Հակոբյանի վերաբերյալ քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանին։