Միասին կարող ենք
կարևոր
937 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-24 23:39
Քաղաքական

Փաշինյանը նոր պատճառ է տալիս առաջիկա ընտրություններում իրեն չաջակ​ցելու համար. Հարութ Սասունյան

Փաշինյանը նոր պատճառ է տալիս առաջիկա ընտրություններում իրեն չաջակ​ցելու համար. Հարութ Սասունյան

Ութ տարվա անհաջող ղեկավարումից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակում է վնասել Հայաստանի շահերին՝ հատկապես Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո։

Այժմ կներկայացնեմ Փաշինյանի ապօրինի գործողությունների վերջին օրինակը։

Հայերը զարմանքով իմացան, որ վարչապետը հրահանգել էր աշխատանքից ազատել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն դոկտ․ Էդիտա Գզոյանին միայն այն պատճառով, որ նա ցեղասպանության և զանգվածային բռնության մասին գրքեր էր նվիրել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։

Փաշինյանը կեղծ մեղադրանք առաջադրեց, թե դոկտ․ Գզոյանը վարում է այլընտրանքային արտաքին քաղաքականություն՝ փոխնախագահին հետևյալ գրքերը նվիրելու պատճառով․

1․ «Անդրկովկասում ադրբեջանցիների ագրեսիան հայերի դեմ (1905–1921թթ.). հաղորդումներ ամերիկյան մամուլում», Արա  Քեթիբյանի խմբագրությամբ (2023թ.):

2․ «Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն. հաղորդումներ ամերիկյան մամուլում։ The New YorkTimes», հատոր 1 (1890-1914թթ․) և հատոր 2 (1915-1922թթ.)», կազմել և խմբագրել են ՀայրՎահան Օհանյանը և Արա Քեթիբյանը (2018թ.):

3․ «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» (2020թ.):

4․ «Հանցագործության փաստաթղթավորում. Հայոց ցեղասպանությունը բառերով և պատկերներով» (2024թ.):

Ահա, թե ինչպես է մարտի 12-ին Փաշինյանը արդարացրել դոկտ․ Գզոյանի հրաժարականի իր ապօրինի պահանջը. «Երբ որ երկրի վարչապետը ասում ա, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրել՝ ի՞նչ ա դա նշանակում: Էս երկրում քա՞նի հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի: Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականություն վարում ա Հայաստանի Հանրապետության կառավարությունը, և ով որ, Հայաստանի էն պետական պաշտոնյան, ով որ Կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք ա ազատվի աշխատանքից, ըտեղ ի՞նչ թեմա կա։ Այսինքն, մենք պետություն ե՞նք, թե՞ սա բան ա, ինքնագործ խմբակ ա, որտեղ մեր ստեղծագործական պոտենցիալն ենք բան անում, փորձարկում։ Սա պետություն ա, հարգելիներս, սա պետություն ա հստակ իր կառավարման տրամաբանությամբ և պետական համակարգով, և ըտեղ չքմեղանալու բացարձակ ոչ մի բան չկա: Կառավարությունն ա որոշում արտաքին քաղաքականությունը, ես Կառավարության ղեկավարն եմ՝ այդ թվում ես եմ, այո .... Իմ ցուցումով, այո, ես խնդրել եմ, որ նա [դոկտ. Գզոյանը] հրաժարականի դիմում գրի, իմ ցուցումով։ Այո, ես դա համարել եմ Կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն և խնդրել եմ, որ դիմում գրի։ Սա պետական անվտանգության հարց է։ Նորից ասում եմ, որ երբ հայտարարում ենք, որ Ղարաբաղյան շարժումը պետք է դադարեցնենք, չի կարող լինի պաշտոնյա, որ շարունակի Ղարաբաղի շարժումը։ Չի կարող լինի»։

Դոկտ․ Գզոյանին հարկադրելով հրաժարական տալ՝ Փաշինյանը մի քանի ապօրինի գործողություններ է կատարել․

1) Նա իրավական լիազորություններ չունի որոշելու, թե ով պետք է լինի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենը։ Թանգարանը կառավարվում է հիմնադրամի կողմից։ Միայն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 15 անդամներն ունեն տնօրենին նշանակելու կամ ազատելու իրավունք։ Այսպիսով, Փաշինյանը անօրինական կերպով յուրացրել է հոգաբարձուների խորհրդի լիազորությունները։ Ի նշան բողոքի, հոգաբարձուների խորհրդի մի քանի ականավոր անդամներ հրաժարական տվեցին, այդ թվում՝ նախագահ, ֆրանսահայ պատմաբան և ցեղասպանագետ, դոկտ․ Ռայմոնդ Գևորգյանը, Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի պատմության դոցենտ, հայագիտական ծրագրի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Ստեփան Աստուրյանը, ՀՀ ԳԱԱ առաջատար գիտաշխատող, դոկտ․ Հարություն Մարությանը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, դոկտ․ Հրանուշ Խառատյանը։

2) Դոկտ Գզոյանը ոչ մի սխալ բան չէր արել: Որպես Ցեղասպանության թանգարանի տնօրեն՝ նա փոխնախագահ Վենսին նվիրել է մի քանի գրքեր, որոնք առնչվում են Ցեղասպանության թանգարանի առաքելությանը: Ցեղասպանության թանգարանը մի հաստատություն է, որը փաստագրում է հայերի նկատմամբ անցյալում և ներկայում իրականացված զանգվածային բռնություններն ու ցեղասպանությունը:

3) Դոկտ Գզոյանին աշխատանքից ազատելուց հետո Փաշինյանը կատարեց երկրորդ ապօրինի գործողությունը։ Առանց որևէ լիազորության՝ նա իր նախկին օգնական Հրաչյա Թաշչյանին նշանակեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Սա ՀՑԹԻ-ի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրավասությունն է։

4) Փաշինյանը սխալ ուղերձ հղեց, որ ակադեմիական հետազոտությունները պետք է ստորադասվեն քաղաքականությանը։ Ամեն անգամ, երբ կառավարության քաղաքականությունը փոխվում է, գիտնականներից ակնկալվում է, որ նրանք կփոփոխեն իրենց հետազոտությունները՝ համապատասխանեցնելով դրանք քաղաքական ղեկավարի քմահաճույքներին։ Ահա թե ինչպես են Թուրքիան և Ադրբեջանը խեղաթյուրում Հայոց ցեղասպանության փաստերը։

5) Փաշինյանը, որը բողոքել էր, որ դոկտ Գզոյանը փոխնախագահ Վենսին նվիրել էր Արցախի մասին գիրք, 2019 թվականին Թուրքմենստանում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ ևս Արցախի մասին գիրք էր նվիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Մի՞թե նրան չպետք է ազատել աշխատանքից նույն հիմքով, ինչովնա ազատել էր դոկտ․ Գզոյանին։

Փորձելով հաճոյանալ Էրդողանին և Ալիևին՝ Փաշինյանի հաջորդ հրահանգը կարող է լինել Ցեղասպանության թանգարանի և հուշահամալիրի փակումը։

Աշխարհի տարբեր ծայրերից քսանհինգ ականավոր հայ մտավորականներ, այդ թվում՝ մեկ թուրք գիտնական, ստորագրեցին Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR) կողմից հրապարակված համատեղ հայտարարությունը, որով դատապարտվում էր Փաշինյանի «մտահոգիչ» գործողությունը: Նրանք գովաբանեցին դոկտ․ Գզոյանի բացառիկ ակադեմիական որակավորումը և կոչ արեցին Հայաստանի կառավարությանը «հարգել ՀՑԹԻ-ի անկախությունը և ապահովել, որ դոկտ․ Գզոյանը կարողանա շարունակել իր աշխատանքն առանց քաղաքական ճնշման կամ միջամտության: [Ցեղասպանության թանգարան] ինստիտուտի ինքնավարության և ղեկավարության պաշտպանությունը կարևոր է նրա վստահելիության պահպանման, գիտական առաքելության ապահովման և միջազգային ակադեմիական համայնքի վստահության պահպանման համար: Կարծում ենք, որ ՀՑԹԻ-ի տնօրենությունը պետք է հիմնված լինի անձի՝ որպես գիտնականի և ղեկավարի որակների, այլ ոչ թե որևէ կոնկրետ վարչակազմի քաղաքական հնարավոր հաշվարկների վրա»: Նրանք վճռականորեն պահանջեցին, որ «դոկտ․ Գզոյանն անհապաղ վերականգնվի պաշտոնում և կարողանա շարունակել իր ղեկավարած ակնառու աշխատանքը»:

Փաշինյանն ամեն օր շարունակում է Հայաստանը տանել դեպի անկում․ սա այն կարևոր հանգամանքն է, որը պետք է հաշվի առնել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում քվեարկելիս։

Հարութ Սասունյան

http://www.TheCaliforniaCourier.com

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի