կարևոր
379 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-19 15:03
Հասարակություն

Ամեն առավոտ, որ նայում եմ Գոնչուտին, փառավորվում եմ․ բերդավանցի պատմաբանը՝ հայրենի գյուղի մասին

Բերդավանցի պատմաբան Սամսոն Խոջոյանը պատմել է Բերդավանի բերդի կառուցվածքի, պատմական անցյալի և ներկա վիճակի մասին։ Նրա խոսքով՝ բերդի արևելյան պատերը մոտ 10 մ բարձրություն ունեն, արևմտյանը՝ 5-5,5 մ։ Պատերի անցքերից երևում էր թշնամին, և այդտեղից էլ կռիվ էին տվել։ Բերդն ունեցել է նաև գաղտնուղի, ինչպես նաև կողքով հոսող Կողբ գետից բնակիչները ջուր էին վերցրել պաշարման ժամանակ։

Ըստ Գառնիկ Շախկյանի՝ բերդը կառուցվել է 12-րդ դարում, սակայն կա կարծիք, որ այն վերանորոգվել է Զաքարյանների օրոք։ Ժողովրդական լեգենդում հիշվում է, որ բերդը ամուր կանգնելու համար մի մայր իր երեխային մատաղ է արել, ինչն ընդգծում է այն ժամանակների մարդկանց զոհողության պատրաստակամությունը։

Խոջոյանը կարևորել է բերդի գիտական ուսումնասիրությունը և պահպանությունը, նշելով, որ խորհրդային տարիներին վերջին անգամ վերանորոգում է արվել 1983-ին։ Նրա խոսքով՝ այսօր բերդը անտերության է մատնված․ այստեղ անասուններ են արածում, և անհրաժեշտ է այն վերածել պատմամշակութային արգելոցի։

Խոջոյանը նաև ընդգծել է, որ պետությունները և իշխանությունները անցողիկ են, իսկ երկիրն ու բերդը մնայուն են․ «մենք պետք է սիրենք մեր գյուղը, մեր հողը, ու ապագան կառուցենք մեր ձեռքերով»։ Նա ցավով նշել է, որ երիտասարդները հեռանում են գյուղից, սակայն վստահ է, որ Բերդավանը զարգացման ու հույսի հնարավորություններ ունի, եթե մարդիկ գնահատեն գյուղի բնական առավելությունները և աշխատեն դրանց վրա։

Մանրամասն՝ տեսանյութում։