|
Փոխարժեքներ
20 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.94 |
| EUR | ⚊ | € 397.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.4154 |
| GBP | ⚊ | £ 475.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.17 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրավապահները ուսումնասիրում են միջադեպի տեսագրությունները՝ պարզելու, թե իրականում ով է սկսել բախումը, ով է առաջինը ձեռք բարձրացրել որևէ մեկի վրա և ինչ հանգամանքներում է իրավիճակը վերածվել ծեծկռտուքի։
Մեր տեղեկություններով՝ այս պահին իշխանական շրջանակների ուշադրության կենտրոնում հատկապես «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանն է։ Մինչդեռ վերջինիս պաշտպանական կողմը պատրաստվում է քրեական վարույթի շրջանակում ներկայացնել իր հակափաստարկներն ու տեսագրությունները՝ պնդելով, որ միջադեպի հրահրողը ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանն է եղել։
Մասնավորապես, ընդդիմադիր կողմի ներկայացմամբ՝ տեսանյութերում հստակ երևում է, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Տարոն Չախոյանը ամբիոնի մոտից վիրավորական և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ընդդիմության առաջնորդների հասցեին՝ «…ձեր առաջնորդի վրա»։
Դրանից հետո, ըստ այդ վարկածի, Գառնիկ Դավթյանը մոտեցել է Չախոյանին, ով ջուրը շփել է Դավթյանի ուղղությամբ, որից հետո ընդդիմադիր պատգամավորը հարվածել է Չախոյանին։
Մեր տեղեկություններով՝ Գառնիկ Դավթյանի պաշտպանական կողմը պատրաստվում է այս հանգամանքները և տեսագրությունները ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին՝ հիմնավորելու, որ միջադեպի նախնական հրահրումը եղել է ոչ թե Դավթյանի, այլ ՔՊ պատգամավորի գործողությունների հետևանքով։
Սակայն պատմությունը միայն այս դրվագով չի սահմանափակվում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեական վարույթի շրջանակում պետք է հստակեցվի նաև Տարոն Չախոյանի մասնակցությունը մեկ այլ բախման։ Խոսքը այն դրվագի մասին է, երբ, ըստ տեսագրությունների վերաբերյալ ընդդիմադիր կողմի մեկնաբանության, Չախոյանը մի քանի անձանց շրջանցելով մոտեցել է Նարեկ Կարապետյանին և հարվածել նրա ճակատին։
Հենց այս դրվագով էլ ընդդիմադիրները փորձում են հիմնավորել, որ ծեծկռտուքի ընթացքում բռնություն կիրառել է նաև ՔՊ պատգամավորը։ Նրանց մատնանշած կադրերում երևում է նաև Նարեկ Կարապետյանի ճակատի կարմրած հատվածը։
Այսպիսով՝ հոկտեմբերի 1-ի հրապարակային միջադեպի շուրջ ձևավորվել է երկու հակադիր վարկած։ Իշխանական կողմի ուշադրության կենտրոնում Գառնիկ Դավթյանի գործողություններն են, իսկ ընդդիմադիրները պնդում են, որ բախման սկիզբը դրել է Տարոն Չախոյանը՝ վիրավորանքներ հնչեցնելով և հետագայում նաև ֆիզիկական ուժ կիրառելով։
Թե կողմերից որի ներկայացրած վարկածն է համապատասխանում իրականությանը, պետք է պարզվի քրեական վարույթի շրջանակում՝ տեսագրությունների, մասնակիցների ցուցմունքների և մյուս ապացույցների համադրմամբ»։