կարևոր
319 դիտում, 9 րոպե առաջ - 2026-11-19 21:15
Քաղաքական

Ղահրամանյանը Պապիկյանից պահանջում է պարզաբանել զինված ուժերում մահվան 44 դեպքերը

Ղահրամանյանը Պապիկյանից պահանջում է պարզաբանել զինված ուժերում մահվան 44 դեպքերը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը դիմել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին՝ գրելով.

«Սուրեն Պապիկյա՜ն,

փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ փաստերով ու թվերով։ Իսկ փաստերը, ցավոք Ձեր օգտին չեն, ցավոք, որովհետև յուրաքանչյուր թվի հետևում զինծառայող է, որի կյանքի և անվտանգության նկատմամբ պատասխանատվությունը Ձեր ղեկավարած կառույցինն է:

Հիմա փաստեր.

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտնել է, որ միայն 2026 թվականի առաջին յոթ ամիսներին ՀՀ զինված ուժերում արձանագրվել է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացության 30 դեպք։ Այս տվյալը կազմակերպությունը հրապարակել է՝ ներկայացնելով նաև ծառայության հետ կապված և չկապված դեպքերի բաժանումը։

Աղբյուրը` https://hcav.am/en/armed-forces-27-07-26/


«Ինֆոքոմ»-ը, հղում կատարելով ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանին, հայտնել է, որ 2026 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ զինված ուժերում մահվան դեպքերի թիվը հասել է 40-ի։

Աղբյուրը` https://infocom.am/10051947/

Այս հրապարակմանը հաջորդել են ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան նոր դեպքեր։

Այսպես.

01.10.2026 – Գորիս համայնքի դիրքերից մեկում մահացել է 20-ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Վիրաբյանը։ Նախնական տվյալներով՝ հանկարծամահություն:

Աղբյուրներ՝ https://news.am/hy/news/1065382

https://www.azatutyun.am/…/paymanagrayin…/33867941.html

10.10.2026 – Հայտնաբերվել է Արմեն Ղազարյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Աղբյուրը`

https://hy.armradio.am/archives/763303

31.10.2026 – Հայտնաբերվել է Տիգրան Ստեփանյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Աղբյուրը` https://www.panorama.am/…/%D5%A4%D5%BA%D6%80%D5…/3172458

18.11.2026 – Մահացել է 19-ամյա Նարեկ Բադալյանը։ Նախնական տվյալներով՝ ինքնասպանություն։

Աղբյուրը`

https://news.am/hy/news/1075854

Վերջին դեքերը հաստատված են ՊՆ-ի կողմից և «Ինֆոքոմ»-ի հրապարակած տվյալի հետ միասին կազմում են այն ցավալի թիվը, որը ես հրապարակել եմ ԱԺ ամբիոնից:

Հիմա հարցեր Պաշտպանության նախարարությանը և Սուրեն Պապիկյանին.

1. Եթե այս տվյալներն ապատեղեկատվություն են, ինչո՞ւ չեք հերքում Գլխավոր դատախազության՝ «Ինֆոքոմ»-ին տրամադրած պաշտոնական տեղեկությունը։

2. Ինչո՞ւ չեք հերքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հրապարակած թվերը, որոնք նույնպես հիմնված են պաշտոնական մարմիններից ստացված տեղեկությունների վրա։

3. Եթե Ձեր վիճակագրությունն է ճիշտ, ապա ինչո՞ւ հանրությանը չեք ներկայացնում ամբողջական, դեպք առ դեպք ստուգելի տվյալներ՝ նշելով մահվան բոլոր դեպքերը և դրանց պաշտոնական դասակարգումը, ամբողջական հանգամանքները:

Սուրեն Պապիկյան, Դուք չեք կարող Ձեզ համար անհարմար թվերը հայտարարել ապատեղեկատվություն՝ առանց փաստերով պատասխանելու։

44 թիվը հերքելը հեշտ է։ Դժվարը 44 դեպքերի վերաբերյալ հանրությանը հաշվետու լինելն է՝ ներառյալ գործողությունները, որոնք պետք է իրականացնեիք և միջոցները, որոնք պետք է ձեռնարկեիք դադարեցնելու համար ոչ մարտական պայմաններում մահերի այս դաժան վիճակագրությունը:

Զինծառայողների կյանքը վիճակագրական մանիպուլյացիաների առարկա չէ՜։ Յուրաքանչյուր մահ առանձին մարդկային ողբերգություն է, իսկ հանրությունն իրավունք ունի ստանալու ամբողջական պատասխաններ։ Տվե՜ք այդ պատասխանները»։

Հիշեցնենք՝ ՊՆ-ն ավելի վաղ արձագանքել էր բանակում ոչ մարտական պայմաններում մահվան 44 դեպքի մասին Ղահրամանյանի հայտարարությանը։

Մարիաննա Ղահրամանյանը հայտարարել էր, որ ոչ մարտական պայմաններում այս տարի բանակում մահացել է 44 մարդ։