կարևոր
307 դիտում, 13 րոպե առաջ - 2026-11-19 20:08
Աշխարհ

ԵԱՏՄ-ն և ՄԱԿ-ը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնումը

ԵԱՏՄ-ն և ՄԱԿ-ը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնումը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով կոլեգիայի անդամ Արզիբեկ Կոժոշևը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) էներգետիկայի բաժնի տնօրեն Հոնպեն Լյուի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նոյեմբերի 4-ին ԵՏՀ-ի և ESCAP-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրականացման ընթացքը։

Կոժոշևը ներկայացրել է ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման ընթացքը, ինչպես նաև վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման և էներգաարդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Նա առաջարկել է ԵԱՏՄ-ի փորձը ներկայացնել ESCAP-ի էներգետիկայի կոմիտեի հարթակներում, պատրաստել համատեղ վերլուծական նյութեր Միության անդամ պետություններում Կայուն զարգացման 7-րդ նպատակի իրականացման ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպել ուսումնական սեմինարներ՝ լիազոր մարմինների և էներգետիկ ընկերությունների մասնագետների համար։

Հոնպեն Լյուն նշել է, որ ESCAP-ը հետաքրքրված է էլեկտրաէներգիայի անդրսահմանային առևտրի ոլորտում ԵԱՏՄ-ի գործնական փորձով և հաստատել է հուշագրի իրականացման ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու պատրաստակամությունը։