կարևոր
358 դիտում, 15 րոպե առաջ - 2026-11-19 14:48
Քաղաքական

Մինչև Նոր տարի Հայաստանում կլինեմ․ Գուրգեն Արսենյանը հաստատել է իր հետկանչի լուրը․ «Հրապարակ»

Մինչև Նոր տարի Հայաստանում կլինեմ․ Գուրգեն Արսենյանը հաստատել է իր հետկանչի լուրը․ «Հրապարակ»

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատել է իր հետկանչի մասին լուրերը։

Արսենյանի խոսքով՝ ինքը միշտ կառուցողական է տրամադրված եղել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ։

Նա նշել է, որ մինչև Նոր տարի արդեն Հայաստանում կլինի։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է որոշում կայացվել իրեն փոխարինելու մասին, արդյոք չի՞ արդարացրել իշխանությունների սպասելիքները, Արսենյանը չի համաձայնել։ Նրա խոսքով՝ իր պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, վերադառնում է, իսկ թե ինչու այն չի երկարացվում, առաջարկել է հարցն ուղղել կառավարությանը։

«Այո՛, դա քաղաքական որոշում է, բայց ո՞վ ասաց, որ չեմ արդարացրել, ուղղեք այդ հարցերն իրենց, թող իրենք պատասխանեն։ Երկու տարին ավարտվեց, նշանակել էին երկու տարով` ավարտվեց»,- ԶԼՄ-ի հետ զրույցում ասել է Արսենյանը։

Լրագրողը նաև հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է չվերանշանակման պատճառն այն է, որ Արսենյանը որդեգրած քաղաքական կուրսի առումով համամիտ չէ ՀՀ իշխանությունների հետ ու ավելի կառուցողական է տրամադրված հայ-ռուսական հարաբերությունների հարցում, Արսենյանը նշել է, թե իր գործն ու սահմանադրական պարտավորությունն է կառուցողական լինել։

«Ես միշտ եմ կառուցողական տրամադրված եղել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ։ Ցանկացած դեսպան պետք է իրականացնի իր գործունեությունը՝ ելնելով կառուցողական լինելու հիմքից՝ ցանկացած երկրի հետ։ Սա մեր սահմանադրական պարտավորությունն է, մեր գործունեությունն ուղղված է կառուցողական հարաբերություններ հաստատելուն»,- ասել է Արսենյանը։