կարևոր
277 դիտում, 11 րոպե առաջ - 2026-11-19 13:36
Աշխարհ

Օմանի ափերի մոտ հարձակման է ենթարկվել լցանավը, նավի վրա հրդեհ է բռնկվել

Օմանի ափերի մոտ հարձակման է ենթարկվել լցանավը, նավի վրա հրդեհ է բռնկվել

Օմանի ափերի մոտ լցանավը ենթարկվել է հարձակման, ինչից հետո նավի վրա հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից Ծովային առևտրային նավագնացության համակարգման կենտրոնը (UKMTO)։

«UKMTO-ն հաղորդում է ստացել Օմանի Խասաբ քաղաքից 7 ծովային մղոն դեպի հյուսիս տեղի ունեցած միջադեպի մասին։ Երրորդ կողմը հայտնել է Հորմուզի նեղուցով անցնող լցանավի վրա հարձակման մասին, որի հետևանքով նավը շարքից դուրս է եկել, իսկ մեքենայական բաժանմունքում հրդեհ է բռնկվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Առկա տեղեկությունների համաձայն՝ անձնակազմն անվտանգ է։ Միջադեպի հնարավոր բնապահպանական հետևանքները դեռևս հայտնի չեն։

Նոյեմբերի 11-ին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը Օմանի հետ փոխըմբռնման է հասել Հորմուզի նեղուցում նավագնացության միջանցքի և երթևեկության տարանջատման համակարգի վերաբերյալ։

Նրա խոսքով՝ ծովային ուղու կարգավիճակը «չի վերադառնա այն վիճակին, որում գտնվում էր մինչև պատերազմը»։ Նա ընդգծել էր, որ այդ դրույթը ձեռք բերված փոխըմբռնման մաս է կազմում և ներառված է հակամարտության կարգավորման համար Թեհրանի առաջադրած յոթ պայմանների շարքում։

Ավելի վաղ Հորմուզի նեղուցում պայթյունների հետևանքով վնասվել էին երեք նավթատար լցանավեր։