|
Փոխարժեքներ
18 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.41 |
| EUR | ⚊ | € 395.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.3806 |
| GBP | ⚊ | £ 474.73 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրա Ցուրու
Բաթմանի Սասուն շրջանի Մարաթուկ լեռան գագաթին գտնվող 1600-ամյա հայկական Մարութավանքը, որը լեռան անունն է կրում, «վերականգնվել և բացվել է զբոսաշրջության համար» 2026 թ․ նոյեմբերին՝ գանձ որոնողների կողմից տարիներ շարունակ թալանվելուց հետո: Սակայն վերջին լուսանկարները ցույց են տալիս, որ պատմական եկեղեցու դիմաց, որը վերածվել է կոպիտ քարե խրճիթի, ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա կառուցվել է գմբեթավոր մզկիթ, և որ գագաթի հազարամյակների ուրվագիծը արմատապես փոխվել է:

Մարաթուկ լեռը Հարավարևելյան Անատոլիայի (Հարավարևմտյան Հայաստան-Ակունքի խմբ․) ամենաբարձր կետն է՝ 2978 մետր բարձրությամբ, և տարածաշրջանի ամենաառանձնահատուկ վայրերից մեկն է ոչ միայն իր աշխարհագրական բարձրության, այլև գագաթին պահպանվող հիշողության շնորհիվ: Լեռն իր անունն ստացել է գագաթին գտնվող Սուրբ Աստվածածին վանքից կամ հին հայերենով՝ Մարութավանքից: Այս կառույցը, որը թվագրվում է մ.թ. 4-րդ և 5-րդ դարերին, սրբազան պաշտամունքի վայր է, որի հիմքերը, ըստ հայտնի հայկական ժողովրդական էպոսի՝ «Սասունի Դավիթ»-ի, դրվել են Սանասար և Բաղդասար եղբայրների՝ Սասունի հիմնադիրների կողմից:
Այնուամենայնիվ, այս սրբազան պաշտամունքի վայրը վերջին երկու դարերի ընթացքում ականատես է եղել ավերածությունների, որոնք քարը քարի վրա չեն թողել:

Գանձերի որսորդական փոսերից մինչև 2012 թ․ ավերածությունները
Մարութավանքը, որը տասնիններորդ դարի գրառումներում հիշատակվում է որպես ավերակ և լքված, Հանրապետության շրջանում թողնվել է ինչպես բնական պայմանների, այնպես էլ գանձ որոնողների ողորմածությանը: Տարիների ընթացքում վանքի հիմքերն ու պատերը գանձ որոնողների կողմից լցվել են անցքերով, և գրեթե ոչ մի ճարտարապետական տարր կանգուն չի մնացել։ Փլատակների մեջ մնացել են միայն կիսաքարե կամարը և պատի մնացորդները։ Կառույցի վերջին մնացած սկզբնական մասերը թիրախավորվել են 2012 թ․ օգոստոսին։ Եկեղեցու ճակատային մասը և առաստաղը, որտեղ հայերը ամեն տարի հուլիսի վերջին մոմեր էին վառում Վարդավառի տոնի համար և աղոթում, տոնից անմիջապես հետո անհայտ անձինք քանդել են քլունգներով և բահերով։ Ստամբուլում գործող Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջիի կողմից Սասունի դատախազություն ներկայացված քրեական հայցից և հանրային բողոքից հետո, քարերի վերջին կույտերը պաշտոնապես պաշտպանվել են միայն 2013 թ․։

«Քանի որ զբոսաշրջիկներ են գալիս»՝ վերականգնում են. վանքը վերածվել է քարե խրճիթի
Չնայած այս ամբողջ ավերածությանը՝ Մարաթուկի գագաթը երբեք դատարկ չի եղել։ Սասունի հայերը Ստամբուլից, Հայաստանից և ամբողջ աշխարհից շարունակում են մոմեր վառել այդ մութ, նեղ քարե ճեղքերում՝ դիպչելով իրենց նախնիների ժառանգությանը։ Գագաթի նկատմամբ աճող հետաքրքրության պատճառով տեղական ինքնակառավարման մարմինները որոշեցին տարածաշրջանը բացել «հավատքի և բնության զբոսաշրջության» համար: Հայտարարվեց, որ 2024 թ․ Բաթմանի նահանգապետարանի համակարգմամբ սկսված աշխատանքներն ավարտվել են 2026 թ․ նոյեմբերին, և Աստվածածին եկեղեցին վերականգնվել և բացվել է զբոսաշրջության համար: Այնուամենայնիվ, «վերականգնումից» հետո հայտնված պատկերները բացահայտում են գիտական պահպանման և վերակենդանացման աշխատանքներից հեռու պատկեր: Կառուցվել են կոպիտ պատեր՝ հին քարերի միջև մեծ քանակությամբ բաց գույնի շաղախ սեղմելով, իսկ պատի կառուցվածքի անկյուններում պատահականորեն տեղադրվել են խաչաձև նախշերով մի քանի պատմական քարեր: Կառույցը, որը կորցրել է իր սկզբնական գլանաձև կամարակապ ճարտարապետությունը, ծածկված է կոպիտ, հարթ տանիքով՝ եռանկյունաձև ճակտոնով, իսկ 1600-ամյա վանքը վերածվել է պարզ քարե խրճիթի:

Գագաթի նոր հիերարխիան. գմբեթավոր մզկիթ՝ եկեղեցու անմիջապես դիմաց
Մարաթուկ լեռան վրա վերափոխման ամենացայտուն կողմը բարձրանում է եկեղեցու դիմաց ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա: Մինչդեռ գագաթ տանող 19 կիլոմետրանոց նոր ասֆալտապատ ճանապարհը, պողպատե արգելապատնեշները, կայարանի սրճարանները և լեռնադահուկային հանգստավայրի կառուցումը լեռան հազարամյակների կառույցը վերածել էին հսկայական շինհրապարակի, Մարութավանքի անմիջապես դիմաց, որը վերածվել էր պարզ քարե կառույցի, հիմքից կառուցվեց նոր մզկիթ՝ գմբեթավոր և կամարակապ մուտքով: Գագաթից արված վերջին լուսանկարները հստակ ցույց են տալիս կողք կողքի կանգնած երկու կառույցների ճարտարապետական խնամքի և բյուջեի տարբերությունը. մի կողմում՝ մանրակրկիտ կառուցված գմբեթավոր մզկիթն ու դրա կից շինությունները, կառուցված փայտամածով և շինարարական տեխնիկայով. անմիջապես դիմացը՝ վանքի նման խրճիթ, որը ծածկված է կոպիտ շաղախով և զրկված է իր ինքնությունից «վերականգնման» անվան տակ: Մարութավանքը, որը դարեր շարունակ մենակ կանգնած էր ամպերի վերևում և ինտեգրված էր այն լեռան հետ, որին տվել է իր անունը, այժմ բախվում է տարօրինակ տարածական միջամտության: Մարաթուկի գագաթն այժմ կրում է ոչ միայն անցյալի քարերը, այլև մշակութային ժառանգությանը մոտեցման ամենակոնկրետ օրինակը:

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը