|
Փոխարժեքներ
18 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 396.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.3703 |
| GBP | ⚊ | £ 475.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Մայր Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ինչպես հայտնի է, «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը ապօրինաբար կալանավորվել է և գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որը ժողովրդի մեջ ընդունված է անվանել ԿԳԲ-ի պադվալ։
Թևանյանի պահման պայմանները հեռու են նորմալ համարվելուց։ Նոյեմբերի 16-ից այդ ամենին ավելացել էր նաև այն, որ նրա խուց էին տեղափոխել բժշկական փաստաթղթերով հաստատված հոգեկան հիվանդություններ ունեցող, հոգեբուժարանում վերջնական բուժում չստացած, էպիլեպսիայով տառապող, առողջական այլ լրջագույն խնդիրներ ունեցող, ինքնասպանության և ինքնավնասման բազմաթիվ փորձեր արած, գողության հոդվածով դատապարտված կալանավորի։ Նման որոշումը նաև այդ երիտասարդի իրավունքների կոպիտ խախտում էր։
Մեր հնչեցրած ահազանգին արագ արձագանքել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Սևակ Խաչատրյանը։ Ընդդիմադիր պատգամավորների միջամտության, ՄԻՊ գրասենյակի, Արդարադատության նախարարության( գերատեսչության դիմաց բողոքի ակցիայից հետո մեզ ընդունեցին նախարարության պատվիրակները՝ խոստանալով արագ կարգավորել խնդիրը) և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի ղեկավարության հետ ընդհանուր հայտարարի գալու արդյունքում երեկ երեկոյան, խնդիրը կարգավորվել է. առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորին տեղափոխել են Թևանյանի խցից։
Քաղբանտարկյալների և կալանավորների խնդիրը մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում։
Ի դեպ, Շաքիում հայ կնոջ և նրա երեխաների վրա հարձակված ադրբեջանցի զինվորականը նույնպես գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Նրա պահման պայմաններն անհամեմատ ավելի լավ են, քան Անդրանիկ Թևանյանինը, և շատ ավելի լավ են, քան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանինը, ինչը պարզապես խայտառակություն է։ Սա բոլորիս արժանապատվության հարցն է։
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և ապօրինաբար կալանավայրերում պահվողներին»։