կարևոր
400 դիտում, 18 րոպե առաջ - 2026-11-18 12:59
Քաղաքական

Եթե մարդուն շառլատանությամբ փորձեն սևացնել, վստահաբար, պատասխան կստանան. Դավիթ Համբարձումյան

Եթե մարդուն շառլատանությամբ փորձեն սևացնել, վստահաբար, պատասխան կստանան. Դավիթ Համբարձումյան

Եթե մարդուն շառլատանությամբ փորձեն սևացնել, վստահաբար պատասխան կստանան։ Այս մասին այսօր մեկնարկած քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է Մասիս համայնքի քաղաքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։

«Ես ասել եմ, որ մենք սահմանները կպահենք այնքան ժամանակ, մինչև չեն խախտի։ Կարծում եմ՝ այդ հարցը պետք է իրենց տալ։ Մենք պատրաստ ենք պահել այդ համերաշխ մթնոլորտը, չսևացնելու մթնոլորտը։ Բայց ես կողմ եմ նաև առողջ քննադատությանը։ Ես չեմ ասում, որ նախընտրական շրջանում քննադատություն պետք չէ, բայց եթե քննադատությունը տեղին է, հիմնավոր է, եթե մարդուն շառլատանությամբ փորձեն սևացնել, վստահաբար՝ այո՛, պատասխան կստանան»,- հայտարարել է Համբարձումյանը՝ անդրադառնալով մրցակից թեկնածուի հետ հարաբերությունների և նախընտրական գործընթացների մասին հարցին։

Հարցին, թե Ստեփանավանում տեղի ունեցած դեպքը, ինչպես նաև ընտրարշավի ընթացքում հնարավոր կաշառքի վերաբերյալ մեղադրանքներն ու տեսանյութերի հրապարակումները մտահոգո՞ւմ են իրեն, Համբարձումյանը նախ ցավակցել է զոհված թեկնածուի ընտանիքին, ապա նշել, որ նման հանգամանքներն իրեն չեն վախեցնում։

«Նախ ցավակցում եմ թեկնածուի ընտանիքին։ Դա ցավալի դեպք է։ Առհասարակ, մեր երկրում նման դեպքերը ցավալի են։ Ինձ ոչ մի բան չի վախեցնում, կներեք այսպես արտահայտվելու համար։ Եթե մի բանի մեջ մտնում ես, հետևաբար, եթե վախով պիտի մտնես, ավելի լավ է՝ չմտնես։ Ես կարծում եմ՝ նման բաներից վախենալ պետք չէ»,- ասել է նա։

Խոսելով համայնքում բնակություն հաստատած արցախցիների մասին՝ լրագրողի հարցին ի պատասխան՝ Համբարձումյանը նշել է, որ նրանց պետք է աջակցել ընտրությունը կազմակերպելու հարցում՝ օրենքով սահմանված կարգով։

«Պետք է փորձենք օգնել արցախցիներին՝ իրենց ընտրությունը ճիշտ կազմակերպելու հարցում։ Իհարկե, շտաբները կաշխատեն, մարդկանց օրենքով նախատեսված աջակցություն և խորհրդատվություն կտրամադրեն։ Իսկ թե արցախցիներն ինչ քվե կտան, ում կընտրեն, ում կքվեարկեն, դա պարզ կդառնա ընտրությունների ավարտին»,- ասել է նա։