|
Փոխարժեքներ
19 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.41 |
| EUR | ⚊ | € 395.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.3806 |
| GBP | ⚊ | £ 474.73 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ինչպե՞ս է մեծ էկրանին կերտվում Մոնթե Մելքոնյանի կերպարը, ինչպե՞ս են ընտրվում նրա կյանքը ներկայացնող դրվագները, և ո՞վ կարող է մարմնավորել մի մարդու, որի մասին տարիների ընթացքում բազմաթիվ պատմություններ ու լեգենդներ են ձևավորվել։
Մոնթե Մելքոնյանի մասին նոր ֆիլմի ստեղծագործական թիմը բացահայտել է նախագծի ստեղծման պատմությունը՝ անդրադառնալով գաղափարի առաջացմանը, դերասանների ընտրությանը, սցենարի մշակմանն ու նկարահանումների ընթացքին։
Մոնթե Մելքոնյանի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը ծագել է դեռևս Վազգեն Սարգսյանի մասին՝ «Վազգեն՝ վերջին սպարապետը» ֆիլմի ստեղծման ընթացքում։ «Genetic Production»-ի պրոդյուսեր Նոնո Սարգսյանի խոսքով՝ հենց այդ ժամանակ էլ որոշում է կայացվել հաջորդ նախագիծը նվիրել Մոնթե Մելքոնյանին։ Ֆիլմի ռեժիսոր Սուրեն Սաֆարյանի հետ համագործակցությունը նույնպես սկսվել է «Վազգեն՝ վերջին սպարապետը» ֆիլմի նկարահանման ժամանակ։ Նա այդ նախագծում երկրորդ ռեժիսորն էր։ Պրոդյուսերի խոսքով՝ համատեղ աշխատանքից հետո համոզվել է, որ Մոնթեի մասին ֆիլմի ռեժիսորը հենց Սաֆարյանը պետք է լինի։
Մոնթե Մելքոնյանի կերպարը մարմնավորող դերասանի ընտրությունը երկարատև քասթինգների արդյունք է եղել։ Ստեղծագործական թիմը հանդիպել է տարբեր դերասանների հետ՝ փորձելով գտնել այնպիսի մեկին, ով արտաքնապես նման կլիներ հերոսին։ Վերջնական ընտրությունը կանգ է առել Վլադիմիր Մսրյանի վրա։
«Եկավ Վլադիմիր Մսրյանը՝ պատրաստ, իր հագուստով, ամեն ինչով, ու մի վայրկյանում որոշեցինք, որ ինքը պիտի լինի»,- պատմել է Նոնո Սարգսյանը։
Դերասանն էլ նշել է, որ ֆիլմում նկարահանվելու առաջարկն իր համար անսպասելի էր։ Քասթինգին նա ներկայացել է թատրոնի ներկայացումից հետո՝ այնտեղից զինվորական հագուստ վերցնելով։
«Առաջարկությունը ստանալուց հետո ուրախությունից չէի հավատում։ Հայ մարդու, հայ դերասանի համար պատկերացրեք՝ ինչ է նման պատասխանատվությունը։ Դա դերասանի կյանքում երևի մի անգամ է լինում կամ ընդհանրապես չի լինում»,- ասել է Մսրյանը։
Ֆիլմի ստեղծման ընթացքում ուշադրություն է դարձվել նաև դերասանների խոսքին։ Արևմտահայերենով խոսող դերակատարների հետ աշխատել է Զառա Ներսիսյանը, որը նաև Վլադիմիր Մսրյանի դասախոսն է եղել։
Մոնթե Մելքոնյանի կերպարը կերտելիս ստեղծագործական թիմի համար կարևոր է եղել տարբերակել պատմական փաստերն ու տարիների ընթացքում նրա մասին ձևավորված պատմությունները։ Պրոդյուսերի խոսքով՝ սցենարի մշակման ընթացքում հանդիպել են բազմաթիվ մարդկանց, որոնք Մոնթեի մասին տարբեր դրվագներ են պատմել։ Սակայն ֆիլմի հեղինակները նպատակ չեն ունեցել առաջնորդվել չստուգված պատմություններով։
«Մոնթեն այնքան վառ, այնքան անսովոր, այնքան յուրահատուկ կերպար էր, որ իր մասին լեգենդներ էին հորինվում. պետք չէ դրանց հետևից գնալ»,- նշել է պրոդյուսերը։
Ֆիլմը ներկայացնում է Մոնթե Մելքոնյանի կյանքի տարբեր փուլերը՝ սկսած մանկությունից։ Պատմությունը ներառում է նրա՝ Միացյալ Նահանգներում անցկացրած տարիները, ապա անդրադառնում կյանքի հետագա ընթացքին և գործունեությանը։
Խոսելով ֆիլմում ազգային հերոսի կերպարի ներկայացման մոտեցման մասին՝ Նոնո Սարգսյանը նշել է, որ ստեղծագործական թիմի նպատակը Մոնթեին հերոսական կերպարով ներկայացնելն ու նրա օրինակով արժեքներ փոխանցելն է հաջորդ սերունդներին։
«Մեր հերոսները պիտի հերոսական լինեն, և հետագա սերունդներին մենք պիտի իդեալներ թողնենք, այլ ոչ թե կերպարներ ներկայացնենք իրենց բոլոր թերություններով»,- ասել է նա։
Նկարահանումների ընթացքում ստեղծագործական թիմը դիմել է նաև Պաշտպանության նախարարությանը՝ որոշ զինվորական պարագաներ և ռեկվիզիտներ ստանալու նպատակով։ Խոսքը զինվորական կոշիկների, գոտիների, պայուսակների, քնելապարկերի և որոշ զինատեսակների մասին էր։
Պրոդյուսերը պարզաբանել է, որ նախարարությունից ֆինանսական աջակցություն չեն խնդրել։ Անհրաժեշտ էր միայն նկարահանումների համար նախատեսված պարագաների և թույլտվությունների տրամադրում։
«Մենք երբևէ որևէ մեկից ֆինանսական աջակցություն չենք խնդրել։ Երբ խոսում ենք աջակցության մասին, դա միայն թույլտվություններին է վերաբերում»,- ընդգծել է նա։
Չնայած անհրաժեշտ պարագաների տրամադրման հարցում աջակցություն չի ստացվել՝ ստեղծագործական թիմը կարողացել է ինքնուրույն գտնել և պատրաստել նկարահանումների համար անհրաժեշտ ռեկվիզիտները։
Անդրադառնալով ֆիլմի ստեղծման ընթացքին՝ Նոնո Սարգսյանը նշել է, որ նախագծի իրականացման գործում մեծ դեր է ունեցել ամբողջ ստեղծագործական թիմի աշխատանքը։ Նրա խոսքով՝ ֆիլմի վրա աշխատել են բազմաթիվ մասնագետներ, և այսօր դրա գոյությունը բոլորի համատեղ աշխատանքի արդյունքն է։
Սեդայի կերպարը մարմնավորող դերասանուհի Հռիփսիմե Նահապետյանը պատմել է, որ քասթինգից հետո շատ էր ցանկանում ստանալ այդ դերը։ Դեռևս ընտրության արդյունքների մասին տեղեկություն չունենալով՝ սկսել էր ուսումնասիրել արևմտահայերենով տեսանյութեր՝ կերպարին պատրաստվելու համար։
Դերասանուհին մինչ օրս չի հանդիպել Սեդային։ Նրա խոսքով՝ ռեժիսորը չի կազմակերպել այդ հանդիպումը, և դրա պատճառները հայտնի են միայն իրեն։ Նահապետյանն անհամբեր սպասում է ֆիլմի էկրան բարձրանալուն, որից հետո ցանկանում է անձամբ հանդիպել Սեդային և լսել նրա կարծիքը։ Դերասանուհին չի բացառում, որ այն կարող է ներառել ինչպես գովասանքի խոսքեր, այնպես էլ քննադատություն։
Սյուզի Դավթյան