կարևոր
373 դիտում, 13 րոպե առաջ - 2026-11-19 18:08
Քաղաքական

Ապարանում ՔՊ-ի թեկնածու Եղիազարյանին առնչվող երկու քրգործ կա․ մեկի քննությունն ավարտին է մոտենում. «News.am»

Ապարանում ՔՊ-ի թեկնածու Եղիազարյանին առնչվող երկու քրգործ կա․ մեկի քննությունն ավարտին է մոտենում. «News.am»

ՏԻՄ առաջիկա ընտրություններում Ապարանի համայնքապետի՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Կարեն Եղիազարյանին առնչվող քրեական գործերից մեկի դատավարությունն ավարտին է մոտենում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Datalex դատական տեղեկատվական հարթակից։

Եղիազարյանին առնչվող երկու քրեական գործ կա, որոնցից մեկով դատախազությունը ապօրինի ծագման գույքի բռնագանձում է պահանջում, մյուսով էլ՝ Եղիազարյանը մեղադրվում է այն բանի համար, որ դեռևս 2021 թվականին տեղեկացված լինելով Ապարան բնակավայրում Ապարան Ջուր ՍՊԸ-ի կողմից իրականացվող ինքնակամ շինարարության վերաբերյալ, չի ձեռնարկել իր լիազորություններից բխող համապատասխան միջոցներ, ինչ արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինը զրկվել է ակնկալվող 1․500․000 ՀՀ դրամ եկամտից։

Երկրորդ քրեական վարույթի շրջանակում Եղիազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է եղել բացակայելու արգելքը, որն ավելի ուշ, վերացվել է։ Դատավոր Կարինե Դավթյանի վարույթով քննվող այս գործով դատավարությունն արդեն ավարտին է մոտենում։ NEWS.am-ը Datalex դատական տեղեկատվական հարթակից տեղեկացավ, որ նախորդ դատական նիստին, որը կայացել է նոյեմբերի 4-ին, կողմերը եզրափակիչ ելույթներով են հանդես եկել։ Փաստացի՝ մեկ տարի տևող դատավարությունն ավարտին է մոտենում․ առաջիկա դատական նիստերին, ամենայն հավանականությամբ, դատարանը որոշում կկայացնի։

Մյուս գործով, որը գտնվում է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լիլի Դրմեյանի վարույթում, դատախազությունը պահանջում է Կարեն Եղիազարյանից և Սիրուն Սարգսյանից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 5 անշարժ և 6 շարժական գույք, 2 ընկերության բաժնեմաս՝ այդ թվում «Գնթունիք» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը և 639 279 621 ՀՀ դրամ։ Հայցադիմումը դատարան է մուտքագրվել դեռևս 2023 թվականին, դատաքննությունը դեռևս շարունակվում է։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան 12 համայնքներում՝ այդ թվում Ապարանում։ Ապարանում, ի դեպ, առաջադրված միակ թեկնածուն գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանն է։ Նա ընտրություններին մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունների կազմած «Համերաշխություն» դաշինքով։