|
Փոխարժեքներ
19 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.94 |
| EUR | ⚊ | € 397.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.4154 |
| GBP | ⚊ | £ 475.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.17 |
Նոյեմբերի 14-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, փոստային ծառայություններ մատուցող ընկերությունից ստացվել է ահազանգ, որ Շիրակի փողոցում գտնվող մասնաճյուղից հենց նոր գողություն է կատարվել։
ՆԳՆ-ից հայտնում են, որ հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, ինչպես նաև ծառայություն իրականացնող պարեկներին։ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկներն էլ, արագ հասնելով դեպքի վայր, նկատել են «ՎԱԶ-2121» մակնիշի մի մեքենա, որի վարորդը դիմել է փախուստի։
Հետապնդման ընթացքում Հովհաննիսյան փողոցում ուղևորը մետաղադրամներ, դիմակ ու ձեռնոցներ է նետել մեքենայից։ Մտնելով փակուղի՝ «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան, հարվածելով կայանված մեքենաներին, կանգ է առել, իսկ վարորդն ու ուղևորը փախուստի են դիմել։ Փախուստը կանխվել է, և երկուսն էլ ձերբակալվել ու տեղափոխվել են Շենգավիթի բաժին։
Պարզվել է, որ նրանք վնասել են մասնաճյուղի դուռը, մտել ներս և գողացել զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի վնաս։
Շինարարների փողոցի բնակիչ 25-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է բժշկական դիմակ, այլ պարագաներ, նաև՝ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Նա և Նուբարաշենի բնակիչ 34-ամյա ընկերը կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել են նախաքննական մարմին։
Երկուսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։