|
Փոխարժեքներ
19 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.94 |
| EUR | ⚊ | € 397.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.4154 |
| GBP | ⚊ | £ 475.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.17 |
Ֆրանսիայի Նիս քաղաքի խորհուրդն ընդունել է բանաձև՝ ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների։ Այս մասին գրել է Նիսի խորհրդի անդամ, հայ համայնքի ներկայացուցիչ Մարինա Պետրոսյանը.
«Գերիներ Բաքվում, պատվավոր քաղաքացիներ՝ Նիսում։
Այսօր ես քվեարկեցի, և սիրտս հուզմունքից դողում էր։
Երբեք չէի պատկերացնի, որ մի օր կնստեմ այս քաղաքային խորհրդի դահլիճում, կմասնակցեմ այս կարևոր որոշման ընդունմանը և կդառնամ Ռուբեն Վարդանյանի՝ հայրենասերի և բարերարի կնքամայրը, որի հետ ինձ պատիվ է ունեցել աշխատելու։
Նիսի քաղաքային խորհուրդը՝ Արցախի ներկայացուցիչ պարոն Հովհաննես Գևորգյանի ներկայությամբ, ընդունեց հայ գերիներին աջակցող բանաձևը՝ ի պաշտպանություն Բաքվում կամայականորեն պահվող այն հայորդիների, ովքեր ծառայել են Արցախին։
Այս որոշմամբ՝
Նրանք դառնում են Նիսի քաղաքի պատվավոր քաղաքացիներ։
Նրանցից յուրաքանչյուրի համար քաղաքային խորհրդի անդամներից մեկը ստանձնում է կնքահոր կամ կնքամոր դերը։
Ոմանց համար սա կարող է պարզապես խորհրդանշական քայլ թվալ, սակայն գերիների համար այն բարոյական մեծ աջակցություն է։ Նրանց ընտանիքների համար այն կենսական նշանակություն ունի, որովհետև Ֆրանսիայում կա մի քաղաք, որը բարձրաձայնում է նրանց անունները։
Հայ համայնքի անունից, որն անտրտունջ պայքարում է այս արդար նպատակի համար, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն քաղաքապետ Էրիկ Սիոտի։ Շնորհակալություն նաև իմ բոլոր գործընկերներին, ովքեր իրենց ձայնը տվեցին այս նախաձեռնությանը, ինչպես նաև CDCA-ի ներկայացուցիչ տիկին Անկինե Կիրակոզյանին, որի նախաձեռնությամբ ներկայացվեց այս բանաձևը։
Դուք ինձ անչափ հպարտ զգալու առիթ տվեցիք։
Ես երազում եմ այն օրվա մասին, և ցանկանում եմ, որ այն հնարավորինս շուտ գա, երբ մենք նրանց՝ վերջապես ազատ արձակված, կդիմավորենք այս նույն դահլիճում։
Թող այս համարձակ քայլը չսահմանափակվի միայն խորհրդանշական ժեստով։ Թող այն վերածվի իրավական գործողության և օրինակ ծառայի բոլոր այն վայրերում, որտեղ պաշտպանում են մարդու իրավունքները։
Նրանց ազատությունը չի կարող սպասել։ Մեր պայքարը՝ նույնպես»։