կարևոր
256 դիտում, 18 րոպե առաջ - 2026-11-19 23:15
Աշխարհ

Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմ

Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմ

Փարիզում թոշակառուների համազգային ցույց է տեղի ունեցել։ Նրանք բողոքում են 2027 թվականի սոցիալական ապահովության բյուջեի նախագծում ներառված միջոցառումների առթիվ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Sortir a Paris» պարբերականը:

Թոշակառուները վրդովված են այն առաջարկից, ըստ որի՝ գնաճին համապատասխանող կենսաթոշակների լիարժեք ինդեքսավորումը պետք է կիրառվի միայն նրանց նկատմամբ, ում ընդհանուր կենսաթոշակային եկամուտը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի 85%-ը։ Ցուցարարները պահանջում են ինդեքսավորել բոլոր կենսաթոշակները, պահպանել գործող հարկային արտոնությունները և ապահովել բժշկական օգնության հասանելիությունը։

Կազմակերպիչները հայտնել են, որ մայրաքաղաքում հավաքվել է 30 000 ցուցարար։ Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձանների ավագ դպրոցների աշակերտները դուրս եկան փողոց՝ պահանջելով բարելավել իրենց դպրոցների պայմանները։ Ավելի ուշ նրանց միացան գների աճից դժգոհող մարդիկ, և ցույցերը տարածվեցին նաև այլ շրջաններում։

Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած համազգային ցույցն ամենամեծն էր։ Ըստ ՆԳՆ-ի տվյալների՝ դրան մասնակցել էր մոտ 550 000 մարդ։ Ֆրանսիայի իրավապահ մարմինները ցուցարարների դեմ կիրառել էին արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։