կարևոր
730 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-28 17:28
Քաղաքական

Ժամանակն է Միրզոյանի ղեկավարած գերատեսչությունը վերանվանել արտաքին գործերի և միջազգային անլրջության նախարարություն․ քաղաքագետ

Ժամանակն է Միրզոյանի ղեկավարած գերատեսչությունը վերանվանել արտաքին գործերի և միջազգային անլրջության նախարարություն․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

Հայաստանի արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Միրզոյանը անդրադարձել է Բորդյուժայի հայտարարությանը եւ ասել, թե չեն տեսնում Հայաստանի «վերադարձ ՀԱՊԿ»։

Ըստ երեւույթին ժամանակն է Միրզոյանի ղեկավարած գերատեսչությունը վերանվանել արտաքին գործերի եւ միջազգային անլրջության նախարարություն։ Եթե երկիրը հայտարարում է, որ չի տեսնում իր վերադարձ ՀԱՊԿ, ապա դրանից հետո հանրությունը պետք է տեսնի այդ երկրի հայտարարությունը կամ որոշումը՝ ՀԱՊԿ անդամությունը դադարեցնելու մասին։ Բայց Երեւանը խոսում է «սառեցնելու», ոչ թե «հեռանալու» մասին։ Եվ հետեւաբար, բնական է, որ չի կարող տեսնել «վերադարձ ՀԱՊԿ»։

ՀԱՊԿ «վերադառնալու» համար, նախ պետք է հեռանալ ՀԱՊԿ–ից։ Բայց Հայաստանը, կրկնեմ, չի հայտարարել ՀԱՊԿ–ից հեռանալու մասին, այլ՝ սառելու, անդամությունը սառեցնելու մասին։ Սառեցնելն ու հեռանալը Հայաստանում հոմանիշներ չեն։

Հետեւաբար, սա այլ բան չէ, քան միջազգային հարաբերությունների անլրջություն, որ դրսեւորում է պաշտոնական Երեւանը։ Իսկ անլրջության սպառողը Հայաստանում կառավարող ուժի ընտրազանգվածն է, որովհետեւ հազիվ թե միջազգային հարաբերություններում լինի այդ աստիճան անլրջության սպառող որեւէ սուբյեկտ։ Ու այդ համատեքստում, շարունակում է սպառվել Հայաստանի սուբյեկտությունը, որովհետեւ այդպիսի վարքագծով քաղաքական դերակատարը չի կարող ընկալվել լուրջ։ Այո, կարող է ընկալվել անգամ որպես խնդիր, բայց լուրջ ընկալվել՝ չի կարող։