|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
SHAMSHYAN.com-ը հոկտեմբերի 5-ին տեղեկություն էր տարածել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում հայտնի, մի քանի սերունդ կրթած ուսուցչուհու առեղծվածային մահվան մասին ու հայտնել էինք, որ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ կնոջը ծեծի է ենթարկել որդին, ում Դիլիջանի ոստիկանները հայտնաբերել ու ներկայացրել էին ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնի ծառայողներն ու ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության և նույն վարչության Դիլիջանի քննչական բաժնի քննիչները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում կարողացել են պարզել իրականությունը։ Մինչդեռ այդ ընթացքում Դիլիջանում շատերը խոսում էին, թե ոչինչ էլ չի լինի. ծնողին կհանձնեն հողին, իսկ իրավապահները կբավարարվեն կնոջ հանկարծամահությամբ։ Սակայն հսկայածավալ աշխատանքի արդյունքում առեղծվածային այս դեպքը բացահայտվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական և համայնքային ոստիկաններն ու Տավուշի մարզային քննչական վարչության և Դիլիջանի քննչական բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածի 42-ամյա որդին՝ Էմին Զ.-ն պարբերաբար բռնության է ենթարկել մորը՝ Սուսաննա Հ․-ին, նրա հետ կենցաղային հարցերի շուրջ ունեցել է լարված հարաբերություններ, իսկ արդեն սեպտեմբերի 26-ին ժամը 16:00-ի սահմաններում նա հերթական անգամ վիճաբանել ու ծեծի էր ենթարկվել մորը՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով գլխի և մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով էլ մայրը ստացել է «պոլիտրավմա հարցականով, գանգուղեղային վնասվածք հարցականով, շոկ անհայտ ծագման հարցականով և հիպեգլոտոմիա» վնասվածքները։ Իսկ սեպտեմբերի 27-ին մոր վիճակը կտրուկ վատացել է, ինչից հետո ընտանիքի անդամներն ահազանգել են «Դիլիջան» բժշկական կենտրոն և շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մայրը մահացել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախաքննության ընթացքում գտնվել են նաև այդ ամենին ականատեսներ, ովքեր արդեն քննչական բաժնում հայտնել են եղելությունը, որից հետո քննիչը միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայր, որպեսզի դատարանը բավարարի միջնորդությունը և Էմին Զ.-ի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացնի։
Դատարանը բավարարել է միջնորդությունը, որից հետո նրան տեղափոխել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Վանաձոր քրեակատարողական հիմնարկ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 27-ին առեղծվածային մահվան դեպք էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել կնոջ դի։
Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել էր, որ ստացված տեղեկությունը հավաստի էր։ Ոստիկանները պարզել էին, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ 72-ամյա Սուսաննա Հ.-ն էր, ով մահացած վիճակում տեղափոխվել էր «պոլիտրավմա հարցականով, գանգուղեղային վնասվածք հարցականով, շոկ անհայտ ծագման հարցականով և հիպեգլոտոմիա» ախտորոշմամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կնոջ մահվան փաստով ոստիկանները Դիլիջանի ոստիկանություն էին տեղափոխել նրա 41-ամյա որդուն, ում այնուհետև ներկայացրել էին ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Իրավապահները նաև տեղեկություններ էին ստացել, որ տղան մի քանի անգամ բռնության էր ենթարկել մորը և հնարավոր է՝ մահը բռնության հետևանքով էր եղել։ Այդ ամենը ճշտելու ուղղությամբ ոստիկաններն ու քննիչները աշխատում էին։ Քննիչի որոշմամբ էլ նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած կինը Դիլիջանում մեծ հարգանք էր վայելել, աշխատել էր դպրոցներից մեկում որպես ուսուցչուհի, ով մի քանի սերունդ էր կրթել, և շատերը մեծ ցավ էին ապրել նրա մահվան համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։