կարևոր
832 դիտում, 4 ժամ առաջ - 2026-10-27 20:45
Տարածաշրջան

Թուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն է

Թուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն է

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ «Freedom on the Net 2026» զեկույցում գնահատվել է աշխարհի 38 երկրում ինտերնետի ազատության վիճակը։ Զեկույցն ընդգրկում է 2025 թ. հունիսի 1-ից մինչև 2026 թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը։

Թուրքիան 100 հնարավոր միավորից ստացել է 31 միավոր՝ շարունակելով մնալ ինտերնետի ազատության առումով ոչ ազատ երկրների շարքում։ Երկրի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ չի փոխվել։

Զեկույցում ընդգրկված եվրոպական երկրների շարքում Թուրքիան արձանագրել է ամենացածր ցուցանիշը։ Ըստ զեկույցի՝ ընդդիմության ցույցերի ժամանակ երկրում սահմանափակվել է սոցցանցերի հասանելիությունը, իսկ իշխանություններն ակտիվորեն արգելափակել են կայքերն ու հեռացրել առցանց բովանդակությունը։ Բացի այդ, իրենց հրապարակումների համար հետապնդումների են ենթարկվել լրագրողներ, ակտիվիստներ և սոցցանցերի սովորական օգտատերեր։

Freedom House-ն անդրադարձել է նաև լրագրողների նկատմամբ ֆիզիկական հարձակումներին, ինչպես նաև 2026 թ. ապրիլին ընդունված նոր կարգավորմանը, որը սահմանափակում է մինչև 15 տարեկան երեխաների սոցցանցերից օգտվելը։ Կազմակերպությունը մտահոգություն է հայտնել, որ օրենքով նախատեսված՝ e-Devlet համակարգի միջոցով տարիքի ստուգումը կարող է սոցցանցային հաշիվները կապել օգտատերերի իրական ինքնության հետ՝ վտանգ ներկայացնելով առցանց քննարկումների մասնակիցների համար։

Աղբյուրը՝ Ermenihaber։