կարևոր
1102 դիտում, 5 ժամ առաջ - 2026-01-26 10:25
Հասարակություն

Երբ Կապանի օդանավակայանը կդառնա միջազգային. պարզաբանում է գերատեսչությունը

Երբ Կապանի օդանավակայանը կդառնա միջազգային. պարզաբանում է գերատեսչությունը

Կապանի «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը քննարկումներ կսկսի բաժնետերերի հետ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին նախարարությունից՝ ի պատասխան հունվարի 22-ին կառավարության նիստում հնչեցրած ծրագրերը մեկնաբանելու խնդրանքի։

Կառավարության նիստում հաստատվել էին արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի ընտանիքին պատկանող «Corporacion America» ընկերության հետ Հայաստանի միջազգային օդանավակայանների կոնցեսիայի մասին պայմանագրի փոփոխությունները:

Ներկայում Կապանի օդանավակայանը սպասարկում է միայն ներքին չվերթեր դեպի Երևան և հակառակ ուղղությամբ։

Գերատեսչությունը հայտնել է, որ օդանավակայանի միջազգային կարգավիճակի մասով ծրագրերը գտնվում են ամենավաղ փուլում, իսկ օդանավակայանի բաժնետերերի հետ աշխատանքային քննարկումներ դեռ չեն սկսվել: Ուստի առայժմ պատկերացում չկա, թե սահմանային վերահսկողության, թռիչքուղիների և մյուս տարրերի համար որքան լրացուցիչ ներդրումներ են անհրաժեշտ, և այդ ներդրումները երբ կարող են իրականացվել։

Նախկինում, ըստ պայմանագրի, «Corporacion America»-ն նախապատվության իրավունքով կարող էր կոնցեսիան տարածել Հայաստանի տարածքում գտնվող ցանկացած նոր՝ «Զվարթնոցից» 250 կմ շառավղով միջազգային օդանավակայանի վրա։ Նշենք, որ հաշվի առնելով, որ այս դեպքում շառավիղը չափվում է օդային ուղիղ գծով, հետևաբար այն ընդգրկում է երկրի գրեթե ամբողջ տարածքը։ Այդ պատճառով ի սկզբանե՝ 2001 թվականին, կոնցեսիոները ստանձնել էր Երևանի «Զվարթնոց», իսկ 2007 թվականին՝ նաև Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների կառավարումը։

Կոնցեսիոն պայմանագրի վերջին փոփոխություններով այս դրույթը չեղարկվել է։ Ըստ նախարարության՝ դա արվել է Կապանի օդանավակայանը միջազգային (կամ գոնե դրա մասին քննարկումներ սկսելու համար) դարձնելու համար՝ առանց կոնցեսիոներին հանձնելու։

Հիշեցնենք, որ «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ-ի բաժնետերերն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և կառավարության հիմնադրած՝ «Սյունիքի մարզի զարգացման հիմնադրամը»: