Միասին կարող ենք
կարևոր
748 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-15 17:17
Աշխարհ

Արաղչին խոսել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հիմնական դժվարության մասին

Արաղչին խոսել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հիմնական դժվարության մասին

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հիմնական դժվարությունը Վաշինգտոնից եկող հակասական ուղերձներն են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հնդկական Doordarshan ալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Նրանք չեն կարողանա ռազմական ճանապարհով հասնել իրենց նպատակներին, սակայն եթե նրանք ընտրեն դիվանագիտության ուղին, իրավիճակն այլ կլինի։ Մենք արդեն սկսել ենք ներգրավվել գործընթացում, սակայն, ինչպես գիտեք, ճանապարհին կան բազմաթիվ մարտահրավերներ։

Ամենակարևոր խնդիրը հակասական ազդանշաններն են, որոնք մենք ստանում ենք ամերիկյան կողմից տարբեր մեկնաբանությունների, հարցազրույցների և այլնի միջոցով»,- ասել է նա։

Արաղչիի խոսքով՝ Վաշինգտոնն արդեն գիտակցում է, որ Իրանի դեմ ռազմական գործողություններով չի հասնի որևէ նպատակի։

Հորմուզի նեղուցի վերաբերյալ նախարարը նշել է, որ այն բաց է հատկապես բարեկամ երկրների համար և փակ՝ թշնամիների համար։

«Հորմուզի նեղուցով անցման խնդրի միակ լուծումն այս ագրեսիվ պատերազմի լիակատար դադարեցումն է, որից հետո մենք կերաշխավորենք յուրաքանչյուր նավի անվտանգ անցումը»,- շեշտել է նա:

Մայիսի 10-ին Իրանը Պակիստանին է փոխանցել Պարսից ծոցում հակամարտությունը լուծելու ամերիկյան առաջարկների պատասխանը։

The Wall Street Journal-ի աղբյուրների համաձայն՝ Թեհրանը հրաժարվել է ապամոնտաժել իր միջուկային օբյեկտները, ինչը հորդորում է Վաշինգտոնը։ Ինչպես նշել է հրատարակությունը, Իրանը պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ուրանի հարստացումը, սակայն ոչ ԱՄՆ-ի կողմից պահանջվող 20 տարով։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանի պատասխանն անընդունելի է անվանել։