Իրանի միջուկային ծրագիրը ռազմական լուծում չունի, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ փետրվարի 17-ին Ժնևում ԱՄՆ-ի հետ տեղի ունեցած անուղղակի բանակցությունները որակելով «լավ»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արաղչին իր միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի հետ քննարկումների մասին խոսել է MS Now հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Նա նշել է, որ Ժնևում կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի և ամերիկյան պատժամիջոցների մեղմացման հարցը, համաձայնության են եկել մի շարք սկզբունքների շուրջ։
Դիվանագետի խոսքով՝ 2025 թ. ամռանն Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածները և գիտնականների սպանությունները չկարողացան ոչնչացել իրանական միջուկային ծրագիրը, քանի որ այդ տեխնոլոգիաները մշակվել են երկրում, պատկանում են Իրանին և ռազմական ճանապարհով չեն կարող ոչնչացվել։
«Ես պետք է շեշտեմ մեկ բան՝ Իրանի միջուկային ծրագիրը ռազմական լուծում չունի…. Միակ լուծումը դիվանագիտությունն է, այդ պատճառով ԱՄՆ-ն վերադարձել է բանակցությունների սեղանի շուրջ և ցանկանում է համաձայնագիր։ Մենք պատրաստ ենք դրան։ Մենք պատրաստ ենք պատերազմի և պատրաստ ենք խաղաղության», - ասել է նախարարը։
Արաղչին ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում իրենց առջև չի դրվել ուրանի հարստացման մշտական կասեցման հարցը։ Նրա խոսքով՝ կողմերը քննարկում են այն, որ Իրանի միջուկային ծրագիրը, այդ թվում՝ ուրանի հարստացումը, ընդմիշտ մնան խաղաղ։ Այդ նպատակով կողմերն աշխատում են տեխնիկական հարցերի շուրջ։
Իրանի ԱԳ նախարարը նաև բարձր է գնահատել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսիի ներգրավվածությունը փետրվարի 17-ին Ժնևում տեղի ունեցած բանակցություններին։ Նրա խոսքով՝ Գրոսին կառուցողական դեր է կատարել՝ ներկայացնելով տեխնիկական առաջարկներ, որոնք կարող են օգնել խնդրի լուծմանը։
«Արդար և հավասար գործարք հնարավոր է, սակայն դրա համար անհրաժեշտ է որոշակի ստեղծագործականություն և ճկունություն երկու կողմից», - ասել է դիվանագետը։
Իրանի ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ ամեն բան այժմ կախված է ամերիկյան կողմից։