կարևոր
691 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-01 16:13
Հասարակություն

Լուսատու ու եփված միս. ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԼՎԱՑՔ. մաս 3

Լուսատու ու եփված միս. ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԼՎԱՑՔ. մաս 3

Արցախյան գոյապայքարի մասնակից Սարգիս Աղաջանյանը «ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԼՎԱՑՔ» խորագրով ներկայացնում է իր հուշերը։ Հուշագրության մեջ շարժապատկերի նման անցնում են ինչպես գոյապայքարը, այնպես էլ մարդիկ, դեպքերն ու հիշատակման արժանի իրադարձությունները։

Դրվագներ իմ հուշերից

ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԼՎԱՑՔ

ՄԱՍ III ԼՈՒՍԱՏՈՒ ՈՒ ԵՓՎԱԾ ՄԻՍ

Հրահանգ ստացանք տեղերում հանգստանալու, որից հետո պետք է խրամատավորվենք մինչև մեր հերթափոխը։

Խրամատավորվեցինք գյուղերից մի փոքր հեռու։ Դա արագ տեղի ունեցավ. հողը շատ փափուկ էր։

Ազատագրված գյուղերում շատ քիչ մնացինք․ մտել, սանրել և դուրս ենք եկել̀ առաջադրանքը շարունակելու։

Դիրքերում մնացինք ընդամենը մեկ՝ դրամատիկ իրադարձություններով հագեցած գիշեր, որոնցից ամենաուշագրավը սա էր․

շնորհիվ շատ մութ գիշերվա՝ ապահով ենք զգում և սովորականից հանգիստ վիճակում ենք։

Մեզ թույլ ենք տվել լիցքաթափվել ու զրույցի ենք բռնվել:

Հանկարծ մեր զբաղեցրած տարածքը բավական մեծ շառավղով այնպես լուսավորվեց, կարծես ցերեկ լիներ։

Տարակուսած իրար ենք նայում, մի պահ կարկամելուց հետո ենք հասկանում, որ առնվազն պետք է պառկել։

Ընդհանրապես պատկերացում չունենք, թե ինչ է կատարվում։ Շատերիս համար անծանոթ երևույթ է։

Ինչ ասես մտքներովս անցավ՝ էլ արբանյակային գրոհ, էլ լազերային գրոհ։

Իսկ եթե այլմոլորակայիններն են վերջապես ժամանել, ուրեմն հաստատ մեր կողմից են, քանզի մեր կռիվն արդար է։

Վերջապես մեզ մոտեցան գումարտակից մի քանի մարտիկ, որոնք ծառայել էին խորհրդային բանակում որպես հրետանավորներ, և տեղեկացրին, որ լարվել պետք չէ, եղածը լուսատու արկեր են: Թշնամին սրանցով տարածքը լուսավորել է, նշել կողմնորոշիչներ և շուտով կսկսի հրետակոծել։

Ինչպես սիրում էինք ասել. «Չվախենաք, բայց արխային էլ չընկնեք»։

Կարճ ժամանակ անց սկսվեց հրետակոծությունը։

Շնորհիվ խոր, ապահով և բոլոր նորմատիվներով փորված խրամատների՝ մենք մնացինք անսասան, չունեցանք ոչ մի քերծվածք։

Թեև մութ գիշերվա մեջ գլխավերևում ցերեկային լույս տեսնելը ծանր վիրավորում ստանալուն հավասարազոր բան էր։

Անսասան էինք, բայց շատ սոված։

Գիշերվա երկուսն էր կամ երեքը։

Համակերպվեցինք, որ այլևս սնունդ չի լինի, և առավոտվա նախաճաշի տեսլականով շարունակեցինք մեր ծառայությունը։

Ժամը երեքն անց կեսի մոտակայքում ոտնաձայներ ենք լսում։

Հարցնում եմ գաղտնաբառը, պատասխանում է ճիշտ։

Մեր վաշտի հրամանատարն էր։

Ձեռքին մի մեծ խուրջին, մեջն էլ̀ լիքը խաշած միս։

Ամենքիս մի կտոր բաժանելով՝ հասավ մինչև վերջին մարտիկը։

Այդ գիշերով մեզ դեռ անծանոթ վայրերում թե ինչպես և ինչ միջոցներով էր նա այդ միսը հայթայթել՝ մինչև օրս միայն ինքը գիտի։

Մենք լուռ ծխում էինք։

© Սարգիս Աղաջանյան

Շարունակելի»:

Հուշագրության առաջին և երկրորդ մասերն՝ ԱՅՍՏԵՂ: