կարևոր
280 դիտում, 3 օր առաջ - 2026-02-01 17:10
Քաղաքական

Դրախտային լուսաբաց ու սուրճ․ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԼՎԱՑՔ․ մաս 4

Դրախտային լուսաբաց ու սուրճ․ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԼՎԱՑՔ․ մաս 4

Արցախյան գոյապայքարի մասնակից Սարգիս Աղաջանյանը «ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԼՎԱՑՔ» խորագրով ներկայացնում է իր հուշերը։ Հուշագրության մեջ շարժապատկերի նման անցնում են ինչպես գոյապայքարը, այնպես էլ մարդիկ, դեպքերն ու հիշատակման արժանի իրադարձությունները։

«Դրվագներ իմ հուշերից

ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԼՎԱՑՔ

ՄԱՍ IV ԴՐԱԽՏԱՅԻՆ ԼՈՒՍԱԲԱՑ ՈՒ ՍՈՒՐՃ

Վաղ առավոտյան՝ չորսից հինգի հատվածում, սկսվեց արցախյան հրաշալի լուսաբացը։

Դժոխային մթությամբ գիշերվանից հետո մեր առջև բացվեց Խաչենագետի չնաշխարհիկ հովիտը՝ շրջապատված գունագեղ բլուրներով։

Ես նկարչի զմայլված հայացքով վայելում եմ այդ տեսարանը՝ էմալապատ մետաղյա բաժակով դառը, ծխահամ սուրճն ըմբոշխնելով։

Սուրճիս հեղինակը իմ ընկերն եր ով ուներ ամենաանհավանական պայմաններում սուրճ եփելու բացառիկ տաղանդ։

Քիչ անց հրահանգ ստացանք մոտակա բարձունքում դիրքավորվելու։

Հայտնվեցինք գագաթին, որի դիմաց հայտնի Վանքասարի բարձունքն էր։

Պարզ երևում էր Վանքասարի հայտնի վանքը, որի գմբեթի խաչը չկար, իսկ դեպի ձախ կրաքարի հանք էր։

Թշնամին նահանջել և դիրքավորվել էր հենց այդ բարձունքին։

Պետք է խոստովանեմ, որ վանքի մասին որևէ մեկս որևէ բան չգիտեինք, պատկերացում անգամ չունեինք։

Հնարավոր բոլոր մանրամասներով Վանքասարը մեզ ներկայացրեց վաշտի մարտիկներից մեկը՝ իրեն հատուկ հանգստությամբ, նախանձելի մեղմ ոճով, առանց պաթոսի։

Սկսեցինք խրամատավորվել։

Այս անգամ փորելը դժվար էր․ հողը շատ կարծր էր, քարքարոտ։

Հակառակի պես անձրև սկսվեց, այնքան հորդառատ, որ կարճ ժամանակում վարար առուներ գոյացան։

Գիշեր էր: Հունիս կամ հուլիս ամսվա սկիզբն էր, բայց խոնավ էր ու ցուրտ։

Կիսատ փորված խրամատներ, մինչև ոսկորները թրջված զորք, չդադարող անձրև…

Իսկ «մինչև ոսկորները թրջվել»-ը ես զգում եմ ուղղակի իմաստով, հենց իմ ոսկորների վրա, որովհետև ընդամենը մի քողարկիչ խալաթով եմ։

Այստեղ ևս գիշերները դրամատիկ իրադարձություններով անցան։

2–3 օր հետո եկավ հերթափոխը։

Բարևեցինք իրար, դասական գրկախառնություններ, քաղցրավենիքի փոխանակում։

Հավելյալ ծխախոտ թողեցինք, որովհետև իրենք առաջնագծում են։

Գումարտակը մարտական առաջադրանքի երկրորդ փուլը բարեհաջող, առանց զոհերի և վիրավորների կատարեց։

Ցավոք, մեր ձախ թևն ապահովողները զոհ ունեին. քարհանքի հատվածում թշնամու գրոհային ինքնաթիռի արձակած հրթիռից արցախցի երկու մարտիկ էր զոհվել։

Փառք ձեզ, տղերք ջան։

Հոգնած ենք, թրջված, չքնած։

Դեմ չէինք տաք ուտեստներին, թեյին և ամենակարևորը՝ նորին գերազանցություն սուրճին։

Պատանի ու երիտասարդ մեր դեմքերը որքան ուժ ունեին՝ ճմռթված էին։

© Սարգիս Աղաջանյան

Շարունակելի»։

 

Հուշագրության առաջին և երկրորդ մասերն՝ ԱՅՍՏԵՂ

Հուշագրության երրորդ մասն՝ ԱՅՍՏԵՂ: