կարևոր
730 դիտում, 2 ժամ առաջ - 2025-12-13 11:31
Քաղաքական

ՀՐԱՏԱՊ. Վահագն Չախալյանը հայտնվել է պատժախցում

ՀՐԱՏԱՊ. Վահագն Չախալյանը հայտնվել է պատժախցում

Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Վահագն Չախալյանը հայտնվել է պատժախցում եւ փաստաբանի միջոցով իր խոսքն է ուղղում հանրությանը.

«Մշտապես եղել են տարաբնույթ եւ տարատեսակ սադրանքներ եւ ապօրինություններ, որոնք ս.թ. դեկտեմբերի 4-ից հետո կրել են աննախադեպ բնույթ եւ «հանգուցալուծումը» եղավ այսօր՝ պատժախուց իմ հայտնվելով:

Ի գիտություն հանրությանը՝ ուզում եմ նշել, որ ապօրինությունների, սադրանքների եւ անմարդկային վերաբերմունքի՝ դրանցից բխող հետեւանքների պատասխանատվությունն ամբողջապես եւ լիովին ընկնում է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանի եւ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վրա:

Հ.Գ. - 44 օրյա պատերազմի ժամանակ սրանից ավելի ծանր պայմաններում ենք ապրել՝ ցեխի մեջ եւ անձրեւի տակ, բայց այն ժամանակ աչքերիս առջեւ եւ սրտերիս մեջ Արցախ ու Հայաստան կար: Իսկ այսօր մատի ու մատանու արանքը մտած չինովնիկների ապօրինությունների եւ Նիկոլի կողմից բռնաբարված խոսքի ազատության եւ ժողովրդավարության հետեւանքով են այս փորձությունները:

Անգամ այս դժվարությունների մեջ կամքս ամուր է, ընթացքս հաստատակամ եւ վստահաբար ասում եմ Ձեզ՝ հաղթանակն անխուսափելի է:

Կեցցե՛ Հայաստանը եւ Արցախը:

Կեցցե՛ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին:

Վահագն Չախալյան

«Նուբարաշեն» ՔԿՀ

12.12.2025»:

Հիշեցնենք՝ երեկ էլ ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էր ահազանգել, որ իրեն է դիմել Վահագն Չախալյանի շահերի պաշտպան Արթուր Առուստամյանը, նշելով, որ Չախալյանի դեմ սկսվել են նոր հալածանքներ և նրան տեղափոխել են պատժախուց։

«Սա մեր կողմից գնահատվում է իբրև նոր հալածանք ու քաղաքական վրեժխնդրության դրսևորում Վահագն Չախալյանի նկատմամբ։ Հայտնում եմ նաև, որ, չնայած այս ամենին, Վահագնը անկոտրում է, և ոչ մի նման քայլ նրան չի կարող հետ պահել պայքարից։ Մենք ամեն ինչ անելու ենք Վահագն Չախալյանի իրավունքների պաշտպանության համար», - գրել է Գառնիկ Դանիելյանը։