կարևոր
5485 դիտում, 1 օր առաջ - 2025-07-24 17:16
Քաղաքական

Ստախոս և անհայրենիք լինելուց զատ՝ դու նաև վախկոտ ես. Վահագն Չախալյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ստախոս և անհայրենիք լինելուց զատ՝ դու նաև վախկոտ ես. Վահագն Չախալյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հուլիսի 5-ից կալանքի տակ գտնվող Վահագն Չախալյանը քրեակատարողականից նամակ է ուղղել Նիկոլ Փաշինյանին, որում ասված է.

«Քեզ բարևով և պարոնով չեմ դիմում, Նիկո՛լ, և այս աշխարհում ամենից լավ դու գիտես, թե ինչու։

Չես պատկերացնի, Նիկոլ, բայց բանտում ծայրից ծայր լսեցի մամլո ասուլիսդ։ Դե, այլևս ես էլ քո նման պարապ եմ, քո նման՝ ոչ կարողանում եմ բարիք ստեղծել, ոչ էլ՝ մարդկության համար մի օգտակար գործ անել։ Բայց դե փառք Տիրոջը՝ նախ՝ իմը ժամանակավոր է, հետո էլ՝ ես վնասաբերությամբ չեմ զբաղվում։ Միանգամից ասեմ՝ ոչ մի բանի մասին չասող ասուլիս էր։ Միայն հասկացա, որ երեք սաղմոս ես անգիր արել և «արտապատվիրակել» բառն ես սովորել։

Այն, որ հարցերից լավ խուսափել գիտես՝ դա բոլորը գիտեն, բայց վաղ թե ուշ այլևս չես կարողանալու մեր հարցերին պատասխանելուց խուսափել։ Հավատա՝ գալու է այդպիսի ժամանակ։ Օրինակ՝ պատասխանելու ես, թե ինչու հղի Սոնա Մնացականյանին իր չծնված երեխայի հետ սպանած հանցագործները ինչ «հրաշքով» կամ զարտուղի ճանապարհներով են խուսափել քո դատավորների և քննիչների ձեռքն ընկնելուց, կալանավորվելուց, այնուհետև՝ պատիժ կրելուց։

Դու նաև պատասխանելու ես, թե ինչու թմրանյութի վաճառողներին (ժողովրդական բառով ասած՝ «բառիգներին») չես ձերբակալում, կամ՝ այդ ինչպես է լինում, որ բոլոր «յուղոտ տենդերները» հենց թիմակիցներիդ են շահում։

Օրինակ՝ ՔԿՀ-ներում կալանավորներին սնունդով ապահովելու «տենդերը» «Արտ Լանչի» ձեռքից տարել է Ալեն Սիմոնյանի հայրը։

Մի խոսքով՝ տհաճ հարցերը շատ են։ Դրանք մի նամակում չես թվարկի, առավել ևս հիմա դրանց չես էլ պատասխանի, քանի դեռ «ճերմակ նժույգին» ես (վարչապետի աթոռը քո պատկերացմամբ)։ Նաև պետք է պատասխանես, թե այդ ինչպես՞ է լինում, որ Ադրբեջանի ցանկությունները այդքան ներդաշնակ համընկնում են քոնի հետ։ Այդ ինչպե՞ս է լինում, որ Ադրբեջանի կողմից հետախուզում հայտարարված անձանց այսպիսի հաճույքով ու հպարտությամբ ձերբակալում ես։

Ի դեպ, այստեղ ևս ստեցիր։ Ադրբեջանի կողմից հետախուզվողների ցուցակից ոչ միայն բարերար Սամվել Կարապետյանին ես ձերբակալել, նաև ինձ՝ Վահագն Չախալյանիս։ Թե՞ իմ պարագայում իսկապես «զուգադիպություն» էր։ Ես տպավորված եմ, Նիկոլ, ստախոսության քո վարպետությամբ և հանճարով։ Ամբողջ ասուլիսդ «փայլում» էր քո տարերքի՝ ստի ու կեղծիքի մեջ։ Զգում էիր քեզ՝ ասես ձուկը ջրում։

Եթե Արցախը հանձնած չլինեիր, կարելի էր անգամ հիանալ ստախոսության, դատարկախոսության քո վարպետությամբ, հանուն արդարության նաև ճարտասանությամբ և հռետորությամբ։ Սակայն այն գիտակցումը, որ հենց այդ ճարտասանության և հռետորության տաղանդի շնորհիվ ես կարողացել խաբել ՀՀ և ԱՀ քաղաքացիներին և նրանց մի ստվար հատվածի տնավեր արել, գաղթական դարձրել՝ այդ տաղանդը միայն զզվանք է առաջացնում, զզվանք ու խղճահարություն։

Ափսո՜ս, բանտից ինձ արտահայտվելու այլ ձևաչափ չի մնացել, քան այս ձևաչափը։ Ստախոս և անհայրենիք լինելուց զատ՝ դու նաև վախկոտ ես, Նիկո՛լ։

Վախկոտությունից է, որ քեզ թվացել է՝ թե ինձ ճաղերի հետևում փակելով կարող ես լռեցնել։ Չարաչար սխալվել ես։ Ամեն կերպ փորձում ես ապացուցել, որ Աստծուն ես հավատում, այլ ոչ՝ սատանային։

Ի դեպ՝ Աստծուն հավատացողին Աստվածավախ են ասում։ Իսկ Աստվածավախ մարդը երբեք չի համարձակվի շահարկել, ինչպես դու ես շահարկում վերջին ժամանակներս։ Հա՛, մեկ էլ բառամթերքումդ նկատված է «Աստված», «Հիսուս» բառերի շեշտակի ավելացումը, բայց դա բացարձակապես չի կարող ապացույց հանդիսանալ այն բանի, որ դու Աստծուն հավատում ես։ Так что՝ թարգիր մանիպուլյացիաներդ։

Նիկոլ, եթե դու Աստվածավախ լինեիր, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախի հանձման փաստաթուղթը ստորագրելու փոխարեն, հարյուրավոր եկեղեցիներ ու խաչքարեր հանձնելու փոխարեն՝ 2020 թվականի հոկտեմբերի 6-ին հրաժարականիդ տեքստը կստորագրեիր և հայության գլխին չէիր բերի այս նվաստացումն ու մեծ աղետը։

Տնաքանդ… այնպիսի հպարտությամբ ես ասում. «Այո՛, Արցախի հանձնման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման տակ ես եմ ստորագրել», կարծես քաղցկեղ բուժող դեղամիջոց ես հայտնաբերել և մարդկությանը փրկել այդ չարիքից։ Եվ վերջում, Նիկոլ, քեզ մաղթում եմ շուտափույթ հրաժարական։ Այն մեզ համար հաղթանակ չի լինի, սակայն պարտությունների, կորուստների շղթային վերջակետ կլինի։ Իսկ մենք պայքարելու ենք մինչև հաղթանակ»։

Նշենք, որ  Վահագն Չախալյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության յուրացման նախապատրաստում) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով՝ ահաբեկչություն նախապատրաստելը»։