կարևոր
3310 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-15 17:20
Հասարակություն

Իր հայ բարեկամների առաջ գիրկը բացած քուրդ ղըզլբաշ փիրը՝ Քեռլի Մահմուդ Դեդեն

Իր հայ բարեկամների առաջ գիրկը բացած քուրդ ղըզլբաշ փիրը՝ Քեռլի Մահմուդ Դեդեն

Հյուսնու Գյուրբեյ

Քեռլի Մահմուդ Դեդեի մասին գրածներիս մեծագույն մասը բաղկացած է նրա միակ զավակը եղած հորական տատիս՝ Էլիֆի պատմածներից։ Դեդեի մասին միակ գրավոր աղբյուրը հայկական աղբյուրներն են. Փարիզի խաղաղության բանակցություններին «Քրդստանի վերելքի ընկերության» (ՔԱԸ) միջոցով Ալիշեր էֆենդիի ուղարկած հեռագիրն էլ երկրորդական աղբյուր է։ Այնուահանդերձ, միգուցե մեծ թվով փաստաթղթեր են սպասում ի հայտ գալուն։

Քանի որ ես, որպես սույն հոդվածի հեղինակ, Քեռլի Մահմուտ Դեդեի թոռն եմ, հնարավոր է ենթադրել, թե կանխակալ կգրեմ, սակայն կփորձեմ հնարավորինս չեզոք մնալ և պատմական փաստերը փոխանցել այնպես, ինչպես կան։

Քեռլի Մահմուդ Դեդեի մասին գրածներիս մեծագույն մասը բաղկացած է նրա միակ զավակը եղած հորական տատիս՝ Էլիֆի պատմածներից։ Դեդեի մասին միակ գրավոր աղբյուրը հայկական աղբյուրներն են. Փարիզի խաղաղության բանակցություններին «Քրդստանի վերելքի ընկերության» (ՔԱԸ) միջոցով Ալիշեր էֆենդիի ուղարկած հեռագիրն էլ երկրորդական աղբյուր է։ Այնուահանդերձ, միգուցե մեծ թվով փաստաթղթեր են սպասում ի հայտ գալուն, և եթե ​​դրանք կարողանան այս հոդվածը ընթերցող որոշ ուսումնասիրողների ուղղորդել այս թեմայի շուրջ հետազոտության, ապա կհասնեն իրենց նպատակին:

Մահմուդ Դեդեն Սուլթան Համիդի օրոք Երզնկայի կառավարիչն էր։ 1909 թ․ երբ իթթիհաթականները ստիպեցին իրենց չհարողներին հեռանալ պետական ​​պաշտոնից, Դեդեն, հրաժարական տալով, բնակություն հաստաատեց Քեռին կից շրջանի Դեդե գյուղում և հորը՝ Հիմմեթ Դեդեին փոխարինելով փիրի պաշտոնում՝ կյանքի նոր շրջան սկսեց։

Այսօրվա քեռցի դեդեներին եթե հարցնես, իրենց ծագումը Օխրի/Դեփ՝ այսօրվա Քարաքոչան շրջանի Դելըքան շրջանում հաստատված Սեյիթ Ջեմալ Աբդալ օջախը (ալևիական տաճար-Ակունքի խմբ․), Ջեմալ Աբդալին ու Հյունքար Հաջիբեքթաշին կապելով՝ հասցնում են Խորասանից եկած ճանապարհորդ սրբեր։ Որ դա այդպես չէ, բոլոր մանրամասներով բացահայտվում է գրող Էրդողան Յալգինի «Ջեմալ Աբդալ օջախը և լեգենդները» վերնագրով հոդվածում։ Քեռցի դեդեներից առնվազն մի մասը եկել են Քելքիթի Շըխդեդե գյուղից, անձամբ հայրս է պատմել։ Դարձյալ 1950-ականներին, հայրս՝ Հալիլը, նշել է, որ որպես միակ ժառանգորդ՝ ժառանգություն է ստացել Շըխդեդե գյուղից, բայց չի ընդունել, քանի որ ատում է խաբեբայությունները։ Բացի այդ, բանավոր պատմությունից, տարածաշրջանում հայտնաբերված մնացորդներից և ներքևում գտնվող հայկական սկզբնաղբյուրից («Վշտապատում») տեղեկանում ենք, որ Քեռ-Դեդե գյուղը դեդեներից առաջ հայկական, իսկ մինչ այդ էլ՝ հեթանոսական սրբավայր է եղել։

Քեռլի Մահմուդ Դեդեն 1915-ի գարուն-ամռանը առերեսվել է հայկական ջարդերին։ Դարձյալ մորս կողմից ազգական Գըմեքլի Իսմայիլ Աղայի հետ միասին նրան հաջողվել է բազմաթիվ հայերի Դերսիմի վրայով տեղափոխել Երզնկա։ Այս տեղեկությունն իմանում ենք ուսուցիչ Նազարեթ Փոստոյանից, ով 1916 թ․ սպանված ու փրկված հայերին բացահայտելու և Քըղի շրջանի հայկական գյուղերի մասին տեղեկություններ հավաքելու նպատակով ամռանը եկել էր Քըղի և հյուրընկալվել Դեդեի մոտ։

Նազարեթ Փոստոյանը 1880-1886 թթ․ կրթություն է ստացել Երուսաղեմի հոգևոր դպրոցում և ունի կրոնական աստիճան։ Կրոնական պատկանելություն ձեռք բերելը նրա համար ապահովելու էր հասարակության հետ շփման դյուրինություն: Նրա հավաքած տեղեկատվությունը հետագայում հրապարակվելու էր «Վշտապատում» անունով գրքում:

«Վշտապատում»

1916 թ․ ՀՅԴ Բաքվի կոմիտեի նախաձեռնությամբ Անդրկովկասի տարբեր վայրերում ապաստան գտած հայ փախստականներից փորձ է արվում հավաքել տեղեկություններ Արևմտյան Հայաստանում հայ բնակչության դեմ իրականացված կոտորածների մասին՝ «Վշտապատում» անվամբ։ Այս ուսումնասիրության նպատակը նկարագրված է այս կերպ՝ «Որոշել Թուրքիայի հայերի շրջանում վերջին պատերազմի հետևանքով զոհվածների թիվը, նյութական կորուստների չափը և մշակութային վնասի չափը և իրական պատկերացում կազմել այն սարսափների ու հալածանքների մասին, որոնց ենթարկվել են հայերը»։

Մոսկվայի հայկական կոմիտեի գլխավոր ուսուցիչ Նազարեթ Փոստոյանը, ով ևս մասնակցել է այդ ուսումնասիրությանը, 1916 թ․ ամռանը եկել է Քըղի և եղել Մահմուդ Դեդեի հյուրը։ Նա չի գրում, թե քանի օր է Դեդեի հյուրը եղել, բայց Դեդեի դուստր Էլիֆն ասում է, որ ուսուցիչը, ում նա ասում էր «միվան» (քրդերեն՝ հյուր-Ակունքի ծնթ), մոտ մեկ շաբաթ հյուր է մնացել իրենց տանը։ Նազարեթ Փոստոյանը Մեծ Մահմուդ Դեդեի մասին, ում հյուրն է եղել, գրում է.

«Խըռում, հին հայկական վանքի տեղում Մահմուդ Դեդեի տներ են։ Շենքերի վրա հայերեն սեպագրերի և արձանագրությունների հետ տեղ-տեղ խաչեր կային։ Վերոհիշյալ Մահմուդ Դեդեն պատմում է. «Ըստ մեր նախնիների պատմածի՝ մենք հայ քահանաներից ենք ծագում»։ Անգամ նրանց նիստուկացը, կեցվածքն ու պահվածքը ցույց էին տալիս, որ նրանց նախնիները հայ են եղել։ Նույնը ներկայացվում է [Գըմեքլի] Իսմայիլ Աղայի նախնիների մասին։ 1915-ի աղետալի դեպքերի ժամանակ նրանք շատ օգնեցին հերդիֆլիներին և մեծ թվով հայերի փրկեցին։ Փրկվածներն այժմ Էրզրումում են, իսկ նրանցից ոմանք դեռևս թաքնված են Գիմեգլի Իսմայիլ Աղայի տանը»։

Նազարեթ Փոստոյանի մատնանշած պատի խաչով քարը տակի պատից շատ ավելի հին է։

2022-ի ամռանը գնացի Քեռ-Դեդեի գյուղ և լուսանկարեցի Փոստոյանի նկարագրած ավերակ պատի վրա զարդարված խաչքարն ու այլ խաչքարեր։ Տան հարևանությամբ զոհասեղանի քար և քարից բազկաթոռ կա, չգիտեմ՝ ում է պատկանել նստատեղը, և ինչի համար է այն օգտագործվել. խորանի քարի մի մեծ մասը թաղված է հողի մեջ, բացի զոհասեղանի քարից, կցում եմ իմ նկարած նկարները։

Մեծն Մահմուդ Դեդեի ջանքերը

Մեծն Մահմուդ Դեդեն, ամեն տեսակ վտանգի դիմելով, ոչ միայն թաքցնում է հայերին, այլ կազմակերպում է նրանց ու թույլ է տալիս փախչել Դերսիմով։ Մյուս կողմից նա Չերմեում Ցարական Ռուսաստանի կովկասյան զորքերի հրամանատար, գեներալ Յուդենիչի հետ հանդիպած պատվիրակության մեջ է։ Ինչպես ասացի, մենք փաստաթղթեր չունենք, մեր միակ տվյալն այն է, ինչ պատմել է նրա դուստր Էլիֆը։ Համաձայն դրա՝ Մեծն Մահմուդ Դեդեի, Շահ Հուսեյինի իշխանների, Փուլումուրի շրջանի կառավարիչ Մուստաֆա բեյի և Քոչգիրի ցեղերը ներկայացնող Ալիշեր էֆենդիի կազմած պատվիրակությունը Ֆեմում (Չերմե/Յեդիսու) համաձայնության է եկել ռուս գեներալ Նիկոլայ Յուդենիչի հետ։ Ըստ այդմ, ռուսները խոստացել են, որ չեն անցնի Փյուլումուրից հարավ-արևելք ընկած Սուրբ Բաղիր լեռից բխող և Քեռի տակով հոսող և Քըղիի հարավ-արևելքում գտնվող Փերի-սուին խառնվող  տեղական լեզվով Ճեմե Քեռե (Փոքր Ջուր) գետը, իսկ մյուս կողմից՝ դերսիմցիները չեն հարձակվի ռուսների վրա։ Մահմուդ Դեդեն իր ժողովրդին ներկայացնում է այս համաձայնությունը. նա գյուղացիներին խորհուրդ է տալիս չվախենալ ռուսներից և չլքել գյուղերն ու չգաղթել։ Իսկապես, ռուսները ենթարկվում են պայմանագրի պայմաններին և չեն անցնում Ճեմե Քեռեն։ Այս համաձայնագրի պատճառով շրջանի բնակիչներն նրան անվանում են Մեծն Մահմուդ Դեդե։ Սակայն քրդերը չեն ենթարկվում խոստումներին և պարտիզանական մարտավարությամբ ժամանակ առ ժամանակ հարձակվում ռուսների վրա, ինչի պատճառով ռուսները դուրս են գալիս Բըլեջեից, որտեղ մնացել էին մի ձմեռ, և դիրքեր զբաղեցնում արևելքում, որը նրանք ավելի ապահով էին համարել:

Մենք ունենք փաստաթուղթ, որը ցույց է տալիս, որ արեւելյան Դերսիմի ղեկավարները հանդիպել են ցարական ռուսական բանակների հրամանատարների հետ։ 1920 թ․ մարտի 7-ին ՔԱԸ միջոցով Սեւրի «Խաղաղության գլխավոր խորհրդի ղեկավար Շերիֆ փաշային» մի խումբ քրդական ցեղերի առաջնորդների գրած նամակը հաստատում է, որ ռուսների հետ հանդիպում է տեղի ունեցել  վերոնշյալ վայրում։ Նամակում գրված է, որ Ալիշեր էֆենդին 11 քուրդ ցեղապետերի հետ 11.11.1916-ին գնացել է Երզնկա, և նրանք պայմանավորվել են ռուսների հետ։

Թուրք պատմաբանները ևս գրում են, որ արեւելյան Դերսիմի ղեկավարները հանդիպել են ռուսների հետ։ Էրզրումում տեղակայված 15-րդ կորպուսի հրամանատար Քազըմ Քարաբեքիրը նույնպես հիշատակում է այդ մասին, սակայն Քարաբեքիր փաշան կոնկրետ փաստ չի կարողանում ներկայացնել։ Մենք ունենք միայն ցարական բանակի կովկասյան ռազմաճակատի գլխավոր հրամանատար, Մեծ Դուքս Նիկոլայ Նիկոլաևիչի նկարները, որոնք արվել են Երզնկայում՝ արևելյան դերսիմցի որոշ առաջնորդների հետ։ Մենք չգիտենք, թե ովքեր են այս նկարի մարդիկ. հնարավոր է, որ նրանցից մեկը Մեծն Մահմուդ Դեդեն է։

Ազադի կազմակերպությունը

Գիտենք, որ Մուդրոսի զինադադարից հետո Մեծն Մահմուդ Դեդեին շատ էր հետաքրքրում քրդական հարցը, բայց չգիտենք նրա հարաբերությունների մակարդակը ՔԱԸ-ի հետ, միայն նրա դուստր Էլիֆն է պատմում, որ իր հետ կապվել է «Քուրդիստան» ամսագրի կողմից՝ Ընկերության հրատարակչական մարմնի կողմից: Սակայն գիտենք, որ Մահմուդ Դեդեն 1920 կամ 1921 թ․ Էրզրումում հիմնադրված «Ազադի» կազմակերպության անդամ էր, որը նպատակ ուներ պայքարել քրդերի ազատության համար։ «Ազադի» կազմակերպության կողմից Էրզրումում անցկացված գաղտնի ժողովին Նա մասնակցել է՝ ներկայացնելով արևելյան Դերսիմը, նույն հավաքին մասնակցել է եզդի քուրդ աշիրեթներից Հեվերկան աշիրեթի առաջնորդ Հաջո աղան․ վերջինս մեկ-երկու օր մնում է Մահմուդ Դեդեի մոտ՝ նրա գյուղում, և հավանաբար խոսում են, թե ինչ են անելու միասին և ինչ ռազմավարության են հետևելու։ Սակայն 1924 թ․ դեկտեմբերի 20-ին գնդապետ Ջիբրանլի Հալիդ բեյի ձերբակալությունը և Շեյխ Սաիդի՝ շարժման ղեկավար նշանակումը պատճառ դարձան, որ շարժումը ձեռք բերի ոչ թե ազգային, այլ կրոնական բնույթ, և ոչ Մահմուդ Դեդեն, ոչ էլ Հաջո աղան չընդունեն նոր իրավիճակը։ Երկու կողմերն էլ հեռու են մնում գործողությունից․ Հաջո աղան, ով անգամ քեմալականների ճնշման հետևանքով, թեկուզ ակամա, երբեմն հարձակվում է քրդական ուժերի վրա, ապստամբության ճնշելուց հետո, իմանալով, որ իր վրա ճնշումները աճելու են, մեկնում է Սիրիա և միանում «Հոյբուն» կազմակերպությանը, որը 1927 թ․ աշխարհիկ քուրդ մտավորականները հիմնել էին Լիբանանում՝ ՀՅԴ կուսացության աջակցությամբ․ Աղրըն ակտիվ դեր է խաղում քրդական դիմադրության կազմակերպման գործում։

Շեյխ Սայիդի ապստամբությունը

Շեյխ Սայիդի ապստամբությունը ճնշելուց հետո կառավարությունը զանգվածային ձերբակալություններ սկսեց Քրդստանում. ձերբակալվածների թվում է Մեծն Մահմուդ Դեդեն։ Նրա փեսան կապ է հաստատում Քըղիի կայմակամի հետ։ Կայմանակամը մի խնդրագիր գրելով՝ հանձնարում է նրան տալ Դեդեին. աա ասում է Դեդեին, որ այս խնդրագիրը գաղտնի կերպով գրի իր ձեռագրով և հանձնի նրան առաքման ժամանակ։ Սակայն Դեդեն իր և մյուս կալանավորների անունից դիմումը ինքն է գրում, և երբ առաքման ժամանակ բոլորը միջնորդությունը հանձնում են կայմակամին, կայմակամը վախից ոչ մեկը չի վերցնում։ Կայմակամը փեսա Իբրահիմին կոշտ պատասխան է տալիս՝ «Ուզում եք գլուխս ուտե՞լ, չէ՞ որ ես ձեզ ասացի, որ դա գաղտնի անեք»։ Դեդեին տանում են Էլազիգ (Խարբերդ-Ակունքի խմբագրություն) և դատում Էլազիգի Արևելյան անկախության դատարանում, դատապարտում տաժանակիր աշխատանքի և այնտեղից ուղարկում Ադափազարը։ Այդ ծեր քաջարի մարդը, ում վախից ոչ ոք չի պաշտպանում, այնտեղ մահանում է․ նրա գերեզմանն անհայտ է։ Նրա զավակներին ավելի ցավալի ճակատագիր է սպասվում։ Նրա հարազատները Դեդեի գյուղում փորձում էին ջնջել Դեդեին իրենց հիշողություններից. բայց նրանց ջանքերն ապարդյուն են, պատմությունը մի օր կբացահայտի ամեն ինչ՝ իր ողջ պարզությամբ. այդ օրը պետք է որ շատ հեռու չլինի…

https://www.agos.com.tr/tr/yazi/28536/ermeni-dostlarina-kucak-acan-bir-kizilbas-kurt-piri-qrl-mahmut-dede

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net