Փոխարժեքներ
26 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի ավարտի մասին ցանկացած խոսակցություն պարզապես պատրանք է՝ ընդգծելով, որ դրա շուրջ բանակցությունները պետք է վարվեն բոլորի համար շահավետ սկզբունքով։
Այս մասին հայտնում է իրանական IRNA-ն՝ մեջբերելով Իրանի նախագահի հայտարարություններն՝ արված Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, և մենք ընդունում ենք դա, քանի որ մենք մերժում ենք միջուկային զենքը, և սա մեր քաղաքական, կրոնական, մարդասիրական և ռազմավարական դիրքորոշումն է»,- ասել է Փեզեշքիանը։
Նա հավելել է, որ Թեհրանը շեշտում է իրանական միջուկային ծրագրի և ուրանի հարստացման շարունակության իրավունքը՝ միջազգային իրավունքի շրջանակներում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Իսլամական Հանրապետության նախագահը նաև հերքել է Դոնալդ Թրամփի պնդումները, թե Իրանի միջուկային ծրագիրն ավարտվել է Ֆորդոյի, Սպահանի և Նաթանզի երեք օբյեկտների վրա Վաշինգտոնի կողմից հասցված ավիահարվածների պատճառով։
«Թրամփի պնդումը, որ մեր միջուկային ծրագիրն ավարտվել է, պարզապես պատրանք է»,-ասել է նա՝ հավելելով, որ Իրանի միջուկային հնարավորությունները գտնվում են նրա գիտնականների մտքում, այլ ոչ թե օբյեկտներում։
Մասուդ Փեզեշքիանն ասել է, որ Իրանը հավատում է դիվանագիտությանը, հետևաբար ցանկացած ապագա բանակցություն պետք է լինի փոխադարձ շահեկան տրամաբանությամբ, և Թեհրանը չի ընդունի սպառնալիքներ և թելադրանքներ։
«Իրանը պատրաստ է Իսրայելի կողմից իր դեմ սկսած ցանկացած պատերազմի, իսկ զինված ուժերը լիովին պատրաստ են հարվածել Իսրայելի կողմից օկուպացված տարածքների խորքը։ Իրանը պատերազմ չի փնտրում և չի ենթադրում, որ Իսրայելի հետ հրադադարը մշտական է։ Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի իր տարածքը ողջ ուժով և երբեք չի հանձնվի»,- ընդգծել է Փեզեշքիանը։
Վերջինս նաև շեշտել է, որ Իրանը լուրջ հարվածներ է հասցրել Իսրայելին հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմի ժամանակ՝ ընդգծելով, որ Թել Ավիվը թաքցնում է կրած վնասի չափը։
«Իսրայելը փորձել է թուլացնել և անկայունացնել Իսլամական Հանրապետությունը քաոսի և թիրախային հարձակումների միջոցով, բայց, ի վերջո, ձախողվել է»,- ասել է նա։
Հունիսի 13-ին Իսրայելը սկսեց օդային հարվածներ հասցնել Իրանի տարածքին՝ թիրախ դարձնելով իրանական միջուկային օբյեկտներն ու ռազմական հենակետերը։ Օրեր անց, Իրանի տարածքի ռմբակոծություն սկսեց նաև Միացյալ Նահանգները։ Պատերազմը դադարեցվեց հունիսի 24-ին՝ ԱՄՆ միջնորդությամբ։