կարևոր
1747 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-24 16:44
Հասարակություն

Հակառակ Պապոյանի պնդմանը՝ առաջին անգամ չէ, որ Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքսում գտնվում է առաջին 60-ում. «Սիվիլնեթ»

Հակառակ Պապոյանի պնդմանը՝ առաջին անգամ չէ, որ Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքսում գտնվում է առաջին 60-ում. «Սիվիլնեթ»

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության հոկտեմբերի 23-ի նիստին հայտարարել է, թե Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքսում առաջին անգամ զբաղեցրել է 60-ից ցածր հորիզոնական։

«Գլոբալ ինովացիոն ինդեքսն է հրապարակվել, Հայաստանն առաջին անգամ իր պատմության մեջ վաթսունյակում է հայտնվել», – ասել է Պապոյանը՝ նշելով, որ դա նշանակում է, որ արտադրողականության, տեխնոլոգիաների, գիտելիքի, ենթակառուցվածքների վրա պետությունն ու հասարակությունը բավարար ջանքեր են գործադրում, և այստեղ բավարար զարգացումներ կան։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել և պարզել է, որ հակառակ Գևորգ Պապոյանի պնդմանը՝ առաջին անգամ չէ, որ Հայաստանը այս ինդեքսում գտնվում է առաջին 60-ում։

Գլոբալ ինովացիոն ինդեքսի մասին

Գլոբալ ինովացիոն ինդեքսը (GII) ստեղծվել է 2007թ. Միջազգային հեղինակավոր INSEAD բիզնես դպրոցի նախաձեռնությամբ։ Նույն տարում հրապարակվել է առաջին զեկույցը՝ ընդգրկելով 107 երկիր, այդ թվում՝ Հայաստանը:

2012-ից ծրագրին միացել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO)՝ դարձնելով GII-ն հեղինակավոր միջազգային չափիչ։ GII-ն գնահատում է երկրների նորարարական ներուժը՝

հիմնվելով գիտական, տեխնոլոգիական, կրթական և տնտեսական ցուցանիշների վրա։ Գլոբալ ինովացիոն ինդեքսի մեթոդաբանությունը հիմնված է երկու հիմնական ենթաինդեքսների վրա՝ ինովացիոն ներդրումների (Innovation Input Sub-Index) և ինովացիոն արդյունքների (Innovation Output Sub-Index)։

GII-ի մեթոդաբանությունը ժամանակ առ ժամանակ թարմացվում է, սակայն հիմնական կառուցվածքը՝ երկու ենթաինդեքսներով, պահպանվում է՝ ապահովելով տվյալների համեմատելիությունը տարիների ընթացքում։

Պապոյանի պնդման հետքերով

Այսպես, Հայաստանը 2025-ին Գլոբալ ինովացիոն ինդեքսում զբաղեցնում է 59-րդ հորիզոնականը՝ 139 երկրների շարքում։

Ինդեքսի տարբեր տարիների զեկուցները ցույց են տալիս, որ Հայաստանը 2007-ից ի վեր մի քանի անգամ գտնվել է առաջին 60 հորիզոնականներում։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2013թ-ին, երբ Հայաստանը զբաղեցրել է 59-րդ տեղը 142 երկրների շարքում։ Դիրքերը երեք տարի զիջելուց հետո 2016թ. Հայաստանը եղել է 60-րդ հորիզոնականում 128 երկրների մեջ։ 2017թ բարելավել է մեկ կետով՝ կրկին զբաղեցնելով 59-րդ տեղը 127 երկրների մեջ։ Այնուհետև, 2018-ից մինչև 2024 թվականները, Հայաստանի ցուցանիշը որոշ անկում է գրանցել՝ դուրս մնալով առաջին 60 հորիզոնականներից։

Հայաստանի ցուցանիշը Գլոբալ ինովացիոն ինդեքսում (2007-2025թթ․)

Գլոբալ ինովացիոն ինդեքսի 2025-ի տվյալներով տարածաշրջանում ձևավորվել է հետևյալ պատկերը․ առաջատարն է Թուրքիան, որը զբաղեցնում է 43-րդ հորիզոնականը, նրան հաջորդում են Վրաստանը՝ 56-րդ և Հայաստանը՝ 59-րդ տեղերով։

Ապա հաջորդում է Իրանը՝ 70-րդ և Ադրբեջանը՝ 94-րդ հորիզոնականներով։

Այպիսով, Գևորգ Պապոյանի պնդումը, թե Հայաստանն առաջին անգամ է հայտնվել Գլոբալ ինովացիոն ինդեքսի առաջին 60-ում, չի համապատասխանում հրապարակված պաշտոնական տվյալներին։