|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կազմել է աշխարհում 2020 թ. մամուլի ազատության ինդեքսը. հայտնում է Yerkir.am-ը։
«Մոտենում է լրագրության համար վճռորոշ տասնամյակ՝ կապված կորոնավիրուսի հետ» վերնագրով հոդվածում կազմակերպությունը նշում է, որ լրագրության համար այս տասնամյակը վճռորոշ է լինելու, քանզի կորոնավիրուսը կընդգծի և էլ ավելի կխորացնի բազմաթիվ ճգնաժամեր, որոնք վտանգի կենթարկեն ազատորեն շփումը, անկախությունը, այլակարծությունն ու ճշմարիտ տեղեկատվությունը։
Ըստ ինդեքսի՝ տարածաշրջանում առաջատարը Վրաստանն է՝ գտնվելով 60-րդ հորիզոնականում (180 պետությունից)։ Վրաստանին հաջորդում է Հայաստանը՝ հյուսիսային հարևանին զիջելով ընդամենը մեկ հորիզոնականով։ Հայաստանն ու Վրաստանը համարվում են «պրոբլեմատիկ իրավիճակ» ունեցող երկրներ։
«Բարդ իրավիճակ» ունեցող Թուրքիան հայտնվել է 154-րդ հորիզոնականում։ «Շատ մտահոգիչ իրավիճակ» ունեցող երկրների ցանկում են հայտնվել Ադրբեջանն ու Իրանը՝ գտնվելով համապատասխանաբար 168 և 173-րդ հորիզոնականներում։
Ցուցակի լավագույն հնգյակում են գտնվում Սկանդինավյան 4 պետությունները՝ Նորվեգիան, Ֆինլանդիան, Դանիան, Շվեդիան, ինչպես նաև Նիդերլանդները։ Իսկ ահա ցուցակը եզրափակում են Թուրքմանստանն ու Հյուսիսային Կորեան։