կարևոր
3733 դիտում, 17 ժամ առաջ - 2025-07-25 18:07
Հասարակություն

«Եզրաս Սրբազանի կողմից բոլոր վճարումներն իրականացվել են ժամանակին». բացահայտվել է հերթական ՔՊ֊ականի կեղծիքը

«Եզրաս Սրբազանի կողմից բոլոր վճարումներն իրականացվել են ժամանակին». բացահայտվել է հերթական ՔՊ֊ականի կեղծիքը

Վերջերս ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը սոցիալական ցանցերում տարածել է հայտարարություն ու տեսանյութ, որի համաձայն՝ նախկին իշխանությունների և մասնավորապես Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանի մասնակցությամբ, «Միրոյան Տուֆ» ՍՊԸ-ին մատակարարված քարի դիմաց վճարումները իբր չեն կատարել։

Նշված պնդումներին արձագանքել է ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը՝ դրանք որակելով որպես մանիպուլյատիվ և ակնհայտ կեղծիք։

Նրա խոսքով՝ իշխող քաղաքական ուժն օգտագործում է կեղծիքը որպես գործելակերպ և փորձում է խեղաթյուրել իրականությունը՝ Հայ Առաքելական Եկեղեցուն վարկաբեկելու նպատակով։

Իսկ ի՞նչ է իրականում տեղի ունեցել։

 «Միրոյան Տուֆ» ՍՊԸ-ի պաշտոնական հիմնադիրն ու սեփականատերը մինչև 2010 թվականի մայիս ամիսը եղել է Միրոյան Մարտիրոսը։ Այդ ամսին ընկերությունը վաճառվել է, և հանքի նոր սեփականատերը դարձել է Նահապետ Նահապետյանը, ով այդ պահից սկսած հանդիսացել է ընկերության համասեփականատերն ու գործադիր տնօրենը։

Վաճառքից հետո Նահապետ Նահապետյանը իրավահաջորդ չի հանդիսացել Միրոյան Մարտիրոսի կողմից կնքված և կիսատ մնացած պայմանագրերի հարցում։

Yerkir.am-ի հետ զրույցում, արտերկրում գտնվող Նահապետ Նահապետյանը հայտնել է․

«Հանքի գնելուց հետո բազմաթիվ մարդիկ են դիմել մեզ՝ հին պարտքերի հետ կապված։ Սակայն մենք որևէ իրավական պարտավորություն չենք ունեցել այդ գործարքների շրջանակում։ Մեր և Եզրաս Սրբազանի համագործակցությունն սկսվել է զրոյից՝ առանց նախկին պարտավորությունների»։

Նա նաև պարզաբանել է, որ Եզրաս Սրբազանի հետ երբևէ խնդիր չի եղել, և համագործակցությունը եղել է բացառապես նոր առևտրային հիմքով։

«Քարը վաճառվել է իր արժեքով, բոլոր գումարները փոխանցվել են մեր հաշվին։ 80-ից 100 վագոն քար ենք ուղարկել, և բոլոր վճարումներն իրականացվել են ժամանակին։ Ես նույնիսկ նշել եմ, որ երկու վագոնի գումարը կարող են չփոխանցել՝ դա համասեփականատերերի կողմից նվիրատվություն է եղել եկեղեցուն»,- նշել է Նահապետ Նահապետյանը։

Այսպիսով, պարզ է դառնում, որ ՔՊ պատգամավորի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը,  իսկ «Միրոյան Տուֆ» ընկերության և Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանի հետ համագործակցությունը իրականում եղել է հստակ և առանց որևէ տարաձայնությունների։

Իսկ թե ինչո՞ւ է ՔՊ-ական պատգամավորը տարածել կեղծ տեղեկություն, կարծում ենք՝ ամբողջովին տեղավորվում է իր շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սկսված արշավի, իսկ վերջին շրջանում նաև նախապատրաստվող արշավանքների շրջանակներում։