կարևոր
697 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-29 10:15
Աշխարհ

Նեթանյահուն պատրաստ է ռոտացիոն կարգով երկրորդը ստանձնել վարչապետի պաշտոնը

Նեթանյահուն պատրաստ է ռոտացիոն կարգով երկրորդը ստանձնել վարչապետի պաշտոնը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ազգային միասնության կառավարություն ձևավորելու համար պատրաստ է վարչապետի պաշտոնը ռոտացիոն կարգով զբաղեցնել ընդդիմադիր «Յաշար» կուսակցության ղեկավար Գադի Այզենկոտից հետո։ Այս մասին փոխանցում է «Ynet» պորտալը։

«Հաշվի առնելով սպառնալիքների մասշտաբները և այն հավանականությունը, որ կարող է ձևավորվել կառավարություն, որն ի վիճակի չի լինի դիմակայել դրանց՝ որպես առաջնորդ իմ պարտքն է մի կողմ դնել այն սկզբունքը, ըստ որի՝ կառավարությունը պետք է ղեկավարի խորհրդարանում ամենամեծ ներկայացվածությունն ունեցող կուսակցությունը, և համաձայնել, որ Գադի Այզենկոտն առաջինը ստանձնի վարչապետի պաշտոնը, իսկ ես սկզբնական փուլում ռոտացիոն կարգով կատարեմ վարչապետի պարտականությունները»,- հայտարարել է Նեթանյահուն։ 

Նեթանյահուն նախկինում ևս կոչ էր արել Այզենկոտին ազգային միասնության կառավարություն ձևավորել, սակայն վարչապետի պաշտոնը նրան առաջինը զիջելու պատրաստակամության մասին գործող վարչապետն առաջին անգամ է հայտարարել։

Հոկտեմբերի 27-ին Իսրայելում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը զբաղեցրել է առաջին տեղը՝ ստանալով 27 մանդատ։ Երկրորդ տեղում է հայտնվել Այզենկոտի «Յաշար» կուսակցությունը՝ 21 մանդատով։

Նոյեմբերի 8-ին Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը, Քնեսեթ (խորհրդարան) անցած քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո, նոր կառավարություն ձևավորելու մանդատը հանձնել է Այզենկոտին։ Խորհրդակցությունների մասնակից ուժերի մեծամասնությունը վարչապետի պաշտոնում առաջադրել էր «Յաշար» կուսակցության ղեկավարի թեկնածությունը։

Այդ պահից, օրենսդրության համաձայն, սկսվել է 28-օրյա ժամկետի հաշվարկը, որի ընթացքում Այզենկոտը պետք է ստանա Քնեսեթի 120 պատգամավորների մեծամասնության աջակցությունը՝ կառավարող կոալիցիա ձևավորելու համար։